Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/253

Այս էջը հաստատված է

քեզ հավատացնել, որ ես վճռել եմ բոլորովին հեռու մնալ։ Իմ մասին ամենևին մի մտածիր, խնդրեմ։

Բազենյանը մի րոպե տխուր նայեց Շահյանի աչքերին։

— Բայց և այնպես, դու նեղանում ես, Լևոն։

Շահյանն ուսերը վեր քաշեց և հանգիստ հեռացավ նրանից։

— Այսօր կամ վաղը ես գնում եմ,— կարճ լռությունից հետո ասաց Բազենյանը,— և գուցե այլևս երբեք չտեսնենք իրար։ Ուզում եմ, որ ինչպես մտերմական անկեղծությամբ, եղբայրական սիրով մոտեցանք իրար, այնպես էլ բաժանվենք իրարից։ Դրա՛ համար է, որ հարցնում եմ, թե անախորժ չի՞ լինիլ քեզ համար, որ գնամ Մարությանների մոտ։ Եթե գիտենամ...

Շահյանն անհամբերությամբ մի խիստ շարժում գործեց։ Այս անգամ ընկերոջ ամեն մի խոսքը կեղծավորություն և քսություն էր թվում նրան։

— Դու դարձյալ ստիպում ես ինձ կրկնելու,— ասաց նա հանգիստ ձայնով, բայց ամեն մի բառը շեշտելով,— որ՝ եթե Մարությանների մոտ գնալդ անախորժ լիներ ինձ համար, ես ինքս իմ ոտով չէի գալ քեզ մոտ, որ նրանց խնդիրը հայտնեմ քեզ... մանավանդ որ առանձնապես խնդրողը... Եվան էր։

— Ա՛խ, այդ բանն ես վերագրում եմ քո չափազանց ազնվությանը, և,— ներիր խնդրում եմ,— քո թույլ կամքին, Լևոն,— բացականչեց Բազենյանը։— Հայր ու աղջիկ քեզ մի հանձնարարություն են արել, առանց հասկանալու, թե որքան ծանր պետք է լինի քեզ համար այդ հանձնարարության կատարումը, և դու քաջություն չես ունեցել մերժելու, և կատարել ես, բայց կատարել ես,— մի՞թե չեմ տեսնում,— սիրտդ սեղմելով... Լևո՛ն, ինձ գրած նամակիդ մեջ խնդրում էիր, որ անկեղծ լինեմ քեզ հետ։ Այժմ ես նույնը պետք է խնդրեմ քեզ։ Աղաչում եմ, ոչինչ մի ծածկիր ինձնից, ինչպես տեսնում ես, ինքս ոչինչ չեմ ծածկում քեզնից։ Եթե առանց քաշվելու, անկեղծորեն ասես ինձ, որ Մարությանների մոտ գնալս սրտովդ չի լինի, հավատացնում եմ քեզ, մեր եղրայրությունը վկա, Լևոն, հենց այսօր, հենց այս րոպեիս ես կհեռանամ, կգնամ, ինչքան էլ որ ծանր լինի ինձ համար այն գիտակցությունը,