Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/254

Այս էջը հաստատված է

թե Մարությանները շատ դժգոհ և զարմացած պիտի մնան իմ վարմունքից, որը, իհարկե, անհասկանալի կմնա նրանց համար։ Տեսնում եմ, որ խոսքերս քեզ վրա բռնություն գործ դնելու տպավորություն են թողնում։ Բայց այս էլ ի նկատի ունեցիր, Լևոն, որ այս գործն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան թե քեզ համար։ Եթե ես այսպես, գրեթե բռնանալով, թախանձում եմ քեզ, որ անկեղծ լինես ինձ հետ, այդ անում եմ,— ինչու՞ ճիշտը չասեմ,— այդ անում եմ ոչ այնքան նրա համար, որ չեմ ուզում քեզ տհաճություն պատճառած լինել, որքան նրա՛ համար, որ... Լսիր, Լևոն, ինչ եմ ասում։ Դու, անշուշտ, ուշադրության առար այն մի քանի խոսքը, որ ավելացրել է. Եվան հոր նամակի տակ։ Այդ մի քանի խոսքն ինձ համար մի ամբողջ պատմություն է, մի ամբողջ տրագեդիա։ Նամակդ ստանալուցս հետո, գրեթե մի ամիս, ես խուսափել եմ Մարությաններից, որպեսզի չտեսնեմ Եվային քեզ հայտնի պատճառով։ Բայց այժմ նա ուղղակի ինքն է հրավիրում ինձ։ Ի՞նչ անեմ։ Գնա՞մ։ Ուզում եմ գնալ, սիրտս ձգտում է գնալ, բայց չպետք է գնամ, որովհետև զգում եմ, որ այս այցը ճակատագրական նշանակություն պիտի ունենա ինձ համար. զգում եմ, որ եթե մի անգամ էլ տեսնեմ Եվային, կամքս սաստիկ պիտի թուլանա, և այն ժամանակ ես կորած եմ, կորած այն գործի համար, որին ուխտել եմ ծառայել անձնական ամեն երջանկություն մոռացած... Ահա սրա՛ համար եմ ուզում, որ գոնե դու պատրվակ դառնաս, որպեսզի չտեսնեմ Եվային և հեռանամ, գնամ այստեղից։ Փրկիր ինձ այս գայթակղությունից, աղաչում եմ քեզ, Լևոն։ Ուղղակի արգելիր ինձ Մարությանների մոտ գնալ։ Արա այս բանը եթե ոչ նրա համար, որ դու ևս սիրում ես Եվային, գեթ ի սեր այն մեծ գործի, որին ես ծառայում եմ... Լսո՞ւմ ես, Լևոն, ի՛նչ եմ խնդրում քեզ։

Եվ Բազենյանը նայեց Շահյանին այնպիսի հուսահատական աղերսանքով, որ կարծես նրա պատասխանից էր կախված իր փրկությունը։

Սակայն Շահյանը կանգնած էր շատ սառն և անտարբեր և զարմանում էր, թե ինչպես նա չի նկատում, որ ինքը չի հավատում նրա խոսքերին և նրա վարմունքը համարում է պարզապես մի դերասանություն, որը ոչ մի նպատակ