Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/260

Այս էջը հաստատված է

զգաց, թե ո՛ր աստիճան գերել է Բազենյանն իր սիրտը։ Հետևյալ առավոտյան չկարողացավ զսպել իրեն և հոր կողմից Բազենյանին գրած հրավիրատոմսի տակ ավելացրեց այն մի քանի խոսքը, որ կարդաց Շահյանը Բազենյանի մոտ գնացած ժամանակ։ Բայց որքան մեծ եղավ նրա հուսահատությունը, երբ այդ օրը ոչ Բազենյանն եկավ և ոչ որևէ պատասխան ստացվեց նրանից։ Սակայն ճաշին տուն եկած ժամանակ հայրը լուր բերեց, թե փողոցում հանդիպել է Բազենյանին։ Բազենյանը շատ ներողություն է խնդրել, ասել է, որ մի շաբաթ դարձյալ Թիֆլիսումն է, որ չափազանց զբաղված է և անպատճառ կայցելի, հենց որ ազատ ժամանակ գտնի։

Այնուհետև անցավ դարձյալ մի երկու օր Եվայի համար անտանելի սպասողական դրության մեջ։

Բազենյանն այցելեց չորրորդ օրը, կեսօրից առաջ։ Մարության ամուսինները տանը չէին։ Փոքրիկ Սուրենը մանկապարտեզումն էր։ Եվան մնացել էր մենակ և փակված էր իր սենյակում։ Այդ ժամին նա ամենևին չէր սպասում Բազենյանին, այնպես որ, երբ աղախինը մտավ և հայտնեց հյուրի գալուստը, նա գունատվեց և սրտի հանկարծական ուժգին բաբախումից քիչ մնաց ուշագնաց լիներ։

Անցավ բավական երկար ժամանակ, մինչև որ կարողացավ տիրապետել իրեն։ նա վճռեց բոլորովին հանգիստ պահել իրեն և նախապես զգաց, որ անկարող է։ Մինչև այժմ նրա բոլոր ցանկությունն այն էր, որ գեթ մի անգամ էլ տեսնի Բազենյանին, խոսի նրա հետ. այժմ գիտեր, որ այնտեղ, հյուրասենյակում, սպասում է իրեն իր ցանկալի երիտասարդը. սակայն ոչ մի ժամանակ այնպիսի անվստահություն, այնպիսի վախկոտություն չէր զգացել, ինչպես այժմ, երբ արդեն իր ցանկությունը կատարված տեսնելու համար մնում էր, որ մտնի հյուրասենյակ։ Համ ուզում էր մտնել, համ չէ։ Զգում էր, որ թե վախենում և թե ամաչում է Բազենյանից։ Թվում էր նրան, թե Բազենյանն արդեն ամեն բան գիտե կամ իրեն տեսնելուն պես ամեն բան պիտի հասկանա, և այդ կասկածը կաշկանդում էր նրան։ Նա փափագեց, որ հայրը կամ մայրը լինեին, որ ինքը մենակ չմնար Բազենյանի հետ։ Նրան թվում էր, թե այնտեղ, հյուրասենյակում, սպասողն իր ծանոթ Բազենյանը չէ, այն Բազենյանը, որի հետ խոսել, վիճաբանել,