Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/261

Այս էջը հաստատված է

նույնիսկ կատակներ է արել, այլ — միանգամայն անծանոթ մի մարդ, ահարկու մի իշխանավոր, որի մի հատիկ խոսքից է կախված իր բախտը, իր ապագան, իր ամբողջ կյանքը։

Նա ձեռքերով կամաց շփեց դեմքը, մազերը շտկեց, կամաց, կարծես չկամենալով, վեր կացավ և դուրս գնաց, զգալով, որ սիրտը նորից սկսել է բաբախել արագորեն։

18

Հյուրասենյակում Բազենյանը կանգնած էր լուսամուտի առաջ և մտազբաղ հայացքով նայում էր դեպի դուրս։ Վնասված ձեռքը տրագիկական հանգստությամբ հանգչում էր վզովը կախ արած սև շորի մեջ։ Դռան բացվելու վրա, կարծես, հանկարծ սթափվեց իր մտահոգությունից և, արագ շուռ գալով, առաջ շտապեց դեպի Եվան։

Եվան կանգ առավ և ձեռքը լուռ մեկնեց նրան։

Բազենյանը սեղմեց ձախ ձեռքով։

— Ա՜խ, ինչ անհարմար է այսպես,— կամաց արտասանեց Եվան և թույլ կերպով ժպտաց.— ես աջ, դուք ձախ...

Բազենյանը ոչինչ չասաց և գլուխը, հայտնի չէ ինչու, թեթև խոնարհեց։ Լրջությունը չէր հեռանում նրա դեմքից։

Եվայի անձկալի հայացքն անվստահորեն թռավ նրա կարճ խուզած սևաթույր մազերի վրայով։

— Ներեցեք, գուցե ձեզ սպասեցնել տվի,— ասաց նա։— Բայց ես փոքր-ինչ տկար եմ...

— Այդ ես տեսնում եմ,— կամաց արտասանեց Բազենյանը, տխուր-մտախոհ հայաքցով նայելով նրա դժգույն և բավական նիհարած դեմքին։— Եվ, ներեցեք, գուցե ես անհարմար ժամանակ եմ եկել,— ավելացրեց նա։

— Ո՛չ, ո՛չ։ Ընդհակառակը։ Խնդրեմ նստեցեք։ Այսօր բոլորովին մենակ եմ մնացել տանը։ Լավ է, որ եկել եք։ Փոքր-ինչ կխոսենք,— իր համար անսպասելի ազատությամբ շարեց իրար ետևից Եվան և նստեց բազկաթոռի վրա։

Բազենյանը նույնպես նստեց, բայց նրանից բավական հեռու: Նրա բոլոր շարժումների մեջ տարօրինակ զգաստություն և լրջություն էր նկատվում։