Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/264

Այս էջը հաստատված է

զարմացնում է,— ասաց նա իրենից դժգոհ մարդու եղանակով։— Վերջին օրերս զարմանալի մելամաղձություն է տիրել ինձ, հակառակ կամքիս։ Ես նախապաշարումներ չեմ ճանաչում և առավել ևս հեռու եմ միստիկականությունից։ Բայց, չգիտեմ ինչու, վերջին օրերս, կարծես, համ նախապաշարված եմ դարձել, համ միստիկ։ Աջ աչքս շարունակ խաղում է. ասում են՝ դա մահվան նշան է... Երեկ էլ մի երազ տեսա. ինչ-որ սև ու տձև ոգիներ, ագռավների նման, իջել էին մի մարդու դիակի վրա և չգիտես՝ հոշոտո՞ւմ էին, թե զմռսում... Իսկ նրանց գլխին, վերևում, օդի մեջ սավառնում էին, միշտ միևնույն շրջանակի մեջ պտտվելով, ուրիշ ոգիներ փոքրիկ ձյունափայլ թևերով և երգում էին զարմանալի ներդաշնակ մի երգ, որից ես հիշում եմ այս խոսքերը միայն. «Արյունը կարմիր, արյունը կարմիր միշտ սրբանում է, երբ թափվում է»։

Բազենյանը նայեց Եվային և կամաց ծիծաղեց։

Եվան նայում էր Բազենյանին, և նրա հայացքը անմիտ սարսափ էր արտահայտում։

— Սրանք, իհարկե, գրգռված երևակայության արդյունք են,— շարունակեց Բազենյանը,— բայց զարմանալին այս է, որ մարդ որքան աշխատում է չհավատալ այդպիսի հիմար բաների, այնքան ավելի կաշկանդվում է դրանց ազդեցության տակ։ Առաջ ես ամենևին չէի մտածում, թե պիտի մեռնեմ. բայց այժմ ինչ-որ նախազգացում, կարծես, շարունակ փսփսում է ականջիս, որ իմ մահը շատ շուտ պիտի լինի... Է՜հ, ի՞նչ անենք,— կարճ մտախոհ լռությունից հետո ավելացրեց նա անփութորեն և տխուր ժպիտով նայեց Եվային։— Ոչ հայր ունիմ, ոչ մայր, ոչ եղբայր, ոչ քույր,— ոչ ոք չունիմ, որ դարդ անի ինձ համար...

Եվան զգաց, որ մի բան հանկարծ վեր նետվեց սրտից դեպի կոկորդը և սկսեց խեղդել։ Անհուն ցանկություն զգաց վեր թռչելու տեղից, ուղղակի փարվելու Բազենյանի վզին և աղաղակելու. «Անաստված, մի՞թե չես զգում, որ ես քո քույրն եմ, ավելի՝ քան քույրը․․․ և չեմ թողնիլ, որ մեռնես...»։ Բայց նա միայն մատներով ցնցողաբար սեղմեց աթոռի ծայրերը, կարծես աշխատելով պահել իրեն, որ այդպիսի խելացնոր բան չանի։