Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/266

Այս էջը հաստատված է

արավ դեպի նա, բայց հանկարծ ճանապարհը ծռեց և անցավ դռան կողմը։

— Ներեցեք, ես... ես գնում եմ,— ասաց նա։

Եվան վեր թռավ տեղից և ձեռքերը տարածեց դեպի նա։

— Կացե՛ք...

Բազենյանն արագ ետ դարձավ։

Եվայի ձեռքերն ու գլուխն ընկան նրա ուսերի վրա։ Ահա՛, վերջապես, այն ահարկու բանը, որ եկավ և հափշտակեց նրան փոթորկի ուժգնությամբ... Հանկարծ նա ցնցվեց և դուրս խլվեց Բազենյանի գրկից։ Կարծես տենդի մեջ առավ Բազենյանի ձեռքը և դեմքն այնքան մոտեցրեց նրա դեմքին, որ նա զգում էր Եվայի տաք շնչառությունը։

— Դու չես մեռնիլ,— շշնջաց Եվան, խիստ արագ շնչելով։

Բազենյանը փորձեց նորից գրկել նրան, բայց նա թույլ չտվեց։

— Դու չես մեռնիլ... Ասա՝ չէ։

— Կմեռնեմ երջանկությունից...

֊ Չե՛մ ուզում... Ասա՝ չէ՛։

— Չէ։

— Ինձ էլ կտանես հետդ...

— Եվա։

— Ասա՝ այո՛։

— Այո։

Եվան շուռ եկավ, մեջքով կպավ Բազենյանի կրծքին և վիզը ձգեց նրա ուսի վրա։ Անհուն երջանկության հրաշալի մի ժպիտ հալվում էր նրա կիսաբաց շրթունքների վրա և կիսախուփ աչքերի մեջ, որոնք նայում էին Բազենյանի աչքերին։

Բազենյանը էլեկտրականացել էր։ Նա ինքն էլ չիմացավ, թե ինչպես ետևից գրկեց Եվայի իրանն և, գլուխը կամաց-կամաց առաջ տանելով, շրթունքները պինդ սեղմեց նրա ծնոտի տակ...

...Հանկարծ Եվան ճչաց և դուրս պրծավ նրա գրկից այնպիսի սաստկությամբ, որ Բազենյանը մի երկու քայլ ետ մղվեց։ Նա կանգ առավ դողալով և նայեց Բազենյանի աչքերին չռած աչքերով։ Եվ նկատեց այնտեղ ինչ-որ անծանոթ, ինչ-որ սարսափելի մի բան, որ կարծես խլել էր նրանից