Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/268

Այս էջը հաստատված է

համար, և մեծ անհանգստությամբ սկսեց գանգատվել, որ երկար ժամանակ է նրանից ոչ մի տեղեկություն չունին։

Բազենյանը նորից խոստացավ, որ անպատճառ կգա և, բաժանվելով տիկին Մարությանից, շտապով հեռացավ։ «Շտապեցի... շատ շտապեցի»,— շարունակ կրկնում էր նա մտքումը Եվայի հետ ունեցած իր վարմունքի մասին։

19

Թեկլեն աղջկան գտավ իր սենյակում չափազանց տարօրինակ դրության մեջ։ Եվան նստած էր աթոռի վրա և, կարծես, սառել էր նստած տեղը։ Դեմքը սպիտակել էր քաթանի պես։ Չռած աչքերի մեջ դեռևս նկատելի էին սարսափի հետքերը։ Կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում էր, կարծես վազել էր երկար տեղ ու այժմ հազիվ էր շունչը ետ բերում։ Դռան բացումը երկյուղի զորեղ ցնցում պատճառեց նրան։

— Ե՛վա, ի՞նչ է պատահել քեզ,— կանչեց մայրը վախեցած։

Եվան իր չռած աչքերով նայեց մորը, մի րոպե ոչինչ չկարողացավ արտասանել, հետո շատ հանգիստ ձայնով պատասխանեց.

— Մի վախենար, մայրիկ, ոչինչ չկա. հանկարծ վատ դառա։

Նրա խաղաղ ձայնը բավական հանգստացրեց մորը։ Մայրը նկատեց սակայն, որ նրան առանց լուրջ բժշկության թողնել անկարելի է, որ այդ բոլորը կառքի կատաղած ձիերից վախեցած լինելու հետևանքն է և, վերջ ի վերջո, ստիպեց աղջկան, որ պառկի։ Եվան անխոս հնազանդվեց մորը և պառկեց։ Նա ուզում էր, որ մայրը շուտով հանգիստ թողնի իրեն, որպեսզի կարողանա կարգի դնել իր մտքերն ու զգացումները, որոնք մի կատարյալ քաոս էին կազմում նրա մեջ։

Բայց և այնպես, մոր դուրս գնալուց հետո էլ, Եվան երկար, շատ երկար ժամանակ չէր կարողանում կատարելապես ուշքը գլուխը ժողովել։ Այնտեղ՝ հյուրասենյակում կատարված իրողությունն իր վերջաբանով հիմն ի վեր ցնցել էր նրա հոգեկան աշխարհը։ Այդ բոլորն այնքա՛ն անսպասելի էր նրա