Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/270

Այս էջը հաստատված է

հավատում էր սիրո սրբագործող այդ զորությանը, և որքան մեծ էր այդ հավատը, այնքան սարսափելի — հիասթափությունը։ Նա տեսավ, որ ժամանակակից քաղաքակիրթ մարդը սիրո, թերևս ավելի՝ քան ուրիշ բանի մեջ նույնն է, ինչ որ նախատիպ մարդն իր ամենակոպիտ բնազդով... Եվան փշաքաղվում էր, արյունը սառում էր նրա երակների մեջ, երբ մտածում էր, թե որքան զզվելի և սոսկալի էր այդ նախատիպ մարդը։ Նա ավելի շուտ կհամաձայներ մեռնել, քան թույլ տալ, որ այդ գազանացած մարդը վիրավորեր ու անարգեր այն սրբությունը, որ կրում ու փայփայում էր իր սրտի մեջ սիրո անունով...

Սակայն դրանք ծանր տպավորության առաջին ծանր րոպեներն էին,— րոպեներ, երբ նրա ուղեղը գործում էր գրգռված ջղերի ազդեցության տակ, գործում էր ուժգնապես լարված մեքենայի նման և միշտ միևնույն ուղղությամբ։ Այնուհետև, երբ նա կամաց-կամաց հանգստացավ և սկսեց մտածել սառն ուղեղով, տեսավ, որ իր վարմունքն իսկապես շատ օտարոտի, շատ զարմանալի էր։ Բազենյանը իր սիրելին էր, իր անձկալին. ամբողջ օրերով միմիայն նրա մասին էր մտածում, միմիայն նրան էր ցանկանում, նույնիսկ պատրաստ էի թողնել ծնողներին, թողնել տունը, ամենքին և ամեն բան և գնալ նրա հետ՝ ուր որ կտաներ,— և այդ բոլորից հետո հանկարծ...

Եվան դեմքը ծածկեց ձեռքերով. կարծես մեկը ներկա լիներ, որ կարող էր տեսնել իր ամոթը...

20

Բազենյանը, հակառակ Թեկլեին արած իր խոստմանը, չեկավ ոչ այդ օրն երեկոյան և ոչ հետևյալ օրը։ Այնուհետև անցավ դարձյալ երկու օր, և նա դարձյալ չերևաց։ Այդ բանը շատ տարօրինակ էր թվում Մարության ամուսիններին։ Ուրիշ պատճառ չգտնելով իրենց բարեկամի այդ վարմունքը բացատրող, նրանց մնում էր ընդունել, որ Բազենյանն իսկապես ժամանակ չի գտնում իրենց այցելելու։

— Կամ, գուցե, արդեն գնացե՞լ է,— հարցրեց Մարությանն