Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/271

Այս էջը հաստատված է

աղջկան։— Անցյալ օր որ եկավ, ի՞նչ ասաց, ե՞րբ էր գնալու։

— Ասաց, որ եթե հետևյալ օրը չէ, երրորդ օրն անպատճառ պետք է ճանապարհ ընկներ,— պատասխանեց Եվան բոլորովին հանգիստ կերպով։

— Իսկ ինձ ասաց, թե մի քանի օր դարձյալ մնալու է այստեղ,— ասաց Թեկլեն։

— Սպասիր։ Երրորդ օրն երեկ էր, ուրեմն արդեն գնացել է,— բացականչեց Մարությանը։— Այս բանից ես ոչինչ չեմ հասկանում, ճշմարիտ։ Ուրիշ ոչինչ չլինի, գոնե մեր խոստացած փողը պետք է ընդուներ. դրա համար էլ չեկավ։ Ասենք, այդ կողմից ես անքաղաքավարի եղա. պետք է փողն անմիջապես ուղարկեի իրեն։ Բայց ախր... Չէ՛, անկարելի է. դեռ գնացած չի լինիլ։ Պետք է ինքս անձամբ գնամ նրա մոտ։ Նամակն, երկու օր է, մնում է գրպանումս։ Փողն էլ ինքս անձամբ կտանեմ կտամ։

— Ա՜խ, նամակը,— արտասանեց Թեկլեն հուսահատորեն։— Երանի գոնե այդ նամակը հասնի Արմենակիս, և մի պատասխան ստանանք նրանից...

— Ես իսկույն գնում եմ Բազենյանի մոտ,— ասաց Մարությանը, վճռապես վեր կենալով տեղից։— Եվա, ուզո՞ւմ ես, դու էլ արի։

— Ոչ, ես չեմ գալ։

— Զբոսնելով կգնանք, ի՞նչ կա որ։

— Չէ, հայրիկ, չեմ կարող։

— Դե, գնա, է՛լի,— ասաց մայրն աղջկան։— Մի քիչ պարզ օդ կծծես։ Քանի՜ օր է, տանից դուրս չես գնացել։

— Ի՞նչ անենք որ։

— Ա՛յն անես, որ տե՛ս ինչ ես դարձել,— զայրացած վրա բերեց Թեկլեն։— Չեմ հասկանում, այս վերջին օրերն ինչ է պատահել քեզ։ Մեկ նայիր հայելում, տես ինչ ես դարձել։ Եղբորդ հոգսը բավական չէ, մի հոգս էլ դու դարձիր գլխիս։

Եվան ոչինչ չպատասխանեց մոր այդ հանդիմանական խոսքերին։

Այն հանգամանքը, որ Բազենյանը վերջին տեսակցությունից հետո խոստացել էր գալ և չէր գալիս և, գուցե