Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/279

Այս էջը հաստատված է

նրանից, որովհետև նա արբած է, շտապեց ավելացնել:— Մենք այս րոպեիս մի տեղ պիտի գնանք մի շատ հարկավոր գործի համար... Բայց հատկապես խնդրում ենք, որ մեկնելուց առաջ մի անգամ ևս հանդիպեք մեզ։ Կգա՞ք։

— Կգամ,— արտասանեց Բազենյանը բոլորովին հոգնած ձայնով և կանգնած տեղը երերվեց։ Նա ինքն արդեն զգում էր, որ արդեն չի կարող զբաղեցնել հյուրերին, ուստի գոնե քաղաքավարության համար ամենևին փորձ էլ չարեց նրանց երկար պահելու իր մոտ։ Նա հավաքեց վերջին ուժերը և այցելուներին ճանապարհ դրեց մինչև հյուրանոցի սանդուղքի գլուխը։

— Ուրեմն սպասե՞նք,— վերջին անգամ հարցրեց Մարությանը։

— Կգամ, կգամ,— արտասանեց Բազենյանը բոլորովին խանձված ձայնով և սպասեց սանդուղքի գլխին, մինչև որ հայր ու աղջիկ իջան և չքացան աչքից։ Այնուհետև անհաստատ քայլերով վերադարձավ իր սենյակը, նստեց սեղանի մոտ, վերցրեց Մարությանի թողած փողի ծրարը, միջից հանեց չորս հատ հարյուր ռուբլիանոց թղթադրամ, նորից մեջը կոխեց և ծրարը դրեց ծոցի գրպանը դանդաղորեն և ժպտալով։ Հետո կամաց ետ ընկավ աթոռի մեջքին, ձեռքերը դրեց սեղանի վրա և սկսեց թրխկթրխկացնել մատներով։

Սպասավորը ներս բերեց վառած լամպը, դրեց սեղանի վրա և հարցրեց՝ հեշտաեռ դնի՞։

Բազենյանր գլխով բացասական շարժում արավ։ Հետո, երբ սպասավորը դուրս էր գնում, կանչեց հանկարծ.

— Կա՛ց։

Սպասավորը կանգ առավ և ետ նայեց։

— Մոտ արի։

Սպասավորը մոտեցավ և կանգնեց նրա ետևը։

Բազենյանը, առանց դիրքը փոխելու, երկու մատը կոխեց ժիլետի գրպանը, հանեց մի հատ արծաթ դրամ և տվեց նրան ուսի վրայից։

Սպասավորը փողն առավ և սպասում էր նրա պատվերին, բայց տեսնելով, որ ոչինչ չի ասում, հարցրեց.

— Ի՞նչ կհրամայեք բերեմ։