Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/28

Այս էջը հաստատված է

— Ոչ, ոչ, ի՞նչ եք ասում։ Ուզում եք, որ մենք է՞լ գազանանայինք ձեզ պես։ Այնպիսի եռանդով եք հարձակվում անպաշտպան դիակի վրա և քարերի ու հողի տակ ջարդում, որ կարծես դատարկ հոր եք լցնում։ Եվ չեք մտածում, որ այնտեղ մարդ կա պառկած։

Շահյանը ծիծաղեց։

— Լավ, հապա ի՞նչ կհրամայեք, որ անեինք դիակը։ Այրեի՞նք, ինչպես...

— Պարո՛ն Շահյան: Վերջապես այս բանի նման չէ: Թողնենք այս հիմար խոսակցությունը։ Չեմ ուզում։ Մի՞թե ուրիշ բան չկա խոսելու... Սուրե՛ն, Սուրե՛ն ջան, մի՛ քնիր։ Ա՜խ, ի՞նչ անեմ, դու կմրսես։ Սուրե՛ն, սիրելի՛ս, ա՛յ, տուն ենք հասնում... Դուք գիտե՞ք, պարոն Շահյան, որ ես մի եղբայր էլ ունիմ։

— Այո, ձեր հայրը պատմում էր նրա մասին։

— Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է այն ասացվածքը, թե' «քույրն ասաց եղբայր ունիմ, եղբայրն ասաց քույր չունիմ»։

— Ինչի՞ վրա եք ասում այդ։

— Օ՜, մի կարծեք, թե իմ եղբայրս այն եղբայրներից է, որ ասի քույր չունիմ։ Ընդհակառակը։ Անջատման ժամին գիտե՞ք ինչ էր անում։ Չէր ուզում ինձ գրկից բաց թողնել։ Եվ գիտե՞ք ինչպես էր լաց լինում... Ինչո՞ւ տղամարդիկդ այդքան ուշ-ուշ եք լաց լինում, բայց որ լաց եք լինում, քարի սիրտ պիտի լինի, որ ձեզ դիմանա։ Ձեր արտասուքը, կարծես, հեղուկ չէ, այլ քարի պես մի պինդ մարմին, որ փշուր-փշուր լինելով է դուրս գալիս։ Ինձ թվում է, թե արտասուքն ամենևին թեթևություն չի պատճառում ձեզ, և դրա համար է, որ ուշ-ուշ եք լալիս, և երբեք չէիք լալ, եթե կարողանայիք մինչև վերջը զսպել ձեզ, ինչպես եղբայրս չկարողացավ զսպել իրեն։ Նամակներն էլ նա միշտ իմ անունով է գրում։ Բայց և այնպես, ես նրան ավելի եմ սիրում, քան թե նա ինձ։

Շահյանը դարձյալ ծիծաղեց։

— Սերը դուք մասշտաբո՞վ եք չափում,— հարցրեց նա։

— Այո՛: Թեև ուզում եմ, որ իմ սիրո մասշտաբը միշտ ավելի մեծ լինի, քան թե նրանը, որին սիրում եմ։

— Ուրեմն էլ ինչո՞ւ եք տրտնջում ձեր եղբոր վրա։