Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/281

Այս էջը հաստատված է

— Կամաց գնա, Եվա, ի՞նչ ես վազում,— կանչեց Մարությանը:

Եվան կանգ առավ, մինչև որ հայրը հասավ նրան։ Նրանք չնայեցին իրար երեսի։ Բայց նրանցից ամեն մեկը հասկացավ, որ երկուսն էլ ճնշված են Բազենյանի թողած անախորժ տպավորության տակ։ Նրանք շարունակեցին ճանապարհն այս անգամ կողք-կողքի և հանդարտ քայլերով։

— Է՜, դա խմում է՞լ է,— խոսեց Մարությանը, կարծես ինքն իրեն։— Չհավանեցի... Թեև խմելն, իհարկե, սովորական բան է,— ավելացրեց նա կարճ, մտախոհ լռությունից հետո.— մարդը ուրախ տրամադրության մեջ մի քիչ խմել է. այդ բանը մեզնից ո՞վ չի անում. բայց չգիտեմ ինչու, ինձ վրա անախորժ տպավորություն թողեց։ Ափսո՜ս: Իլյուզիաս կորավ։

Եվան ցնցվեց և ակամա նայեց հոր մտախոհ դեմքին։ Նա տեսավ, որ հայրը նույն հիասթափությունն է զգում, ինչ որ ինքը, թեև, իհարկե, ոչ այնքան զորեղ կերպով, ինչպես ինքը։

Մարությանն այլևս ոչինչ չխոսեց Բազենյանի մասին։ Իսկ Եվան ամենևին ձայն չէր հանում։ Նա գնում էր և չէր իմ անում՝ ուր. մտածում էր և չէր իմանում՝ ինչ: Երբեմն վայրկենաբար նրա դեռևս թարմ հիշողության մեջ վերակենդանանում էին այն օրերը, երբ ինքը տանջող կարոտով սպասում էր Բազենյանին. հիշում էր իրենց սիրային առաջին և վերջին տեսակցությունը, այդ տեսակցությունից հետո իր զգացած սարսափը, դարձյալ իր հուսահատական դրությունը, Բազենյանին տեսնելու տենչը... Հիշում էր այդ բոլորը և տեսնում էր, որ բոլորովին հանգիստ, անկարեկից է. կարծես թե այդ բոլորն երեկ-մեկել օրը չէր, որ կատարվել էր, այլ շատ տարիներ առաջ, կարծես թե այդ բոլորն ինքը չէր զգացողը, այլ մի ուրիշը, բոլորովին մի այլ աղջիկ, որին չէր ճանաչում և որի հետ ինքը ոչ մի առնչություն չուներ։

— Պարո՛ն Մարության, Եվա,— հանկարծ լսեցին հայր ու աղջիկ իրենց ետևից կանացի մի ձայն։

Նրանք դարձան և տեսան օր. Սահակյանին, որ իր գեր մարմնով բադի պես օրորվելով՝ շտապում էր հասնել նրանց։ Չնայելով սառնամանիքին, նրա լիք այտերն այրվում էին տաքացած: