Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/284

Այս էջը հաստատված է

Չինաստանի մասին։ Ձեր այդ պարոն Բազենյանը, որին քիչ է մնում աստվածացնեք, ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կատարյալ խաբեբա, որ հանգամանքներից օգուտ քաղելով, գեղեցիկ դիմակի տակ, պարապում է նվիրական զգացումներ շահագործելով։ Այդ պարոնի իսկական անձնավորության հետ ինձ ծանոթացրեց շատ հարգելի, շատ պատվական մի տիկին, որ հենց ինքը զոհ է գնացել այդ աֆերիստի ճարպիկ խաբեբայությանը։ Այդ տիկինը Ղրիմից է։ Նրա հետ ծանոթ եմ Ղրիմում եղած վարժուհությանս ժամանակից և շատ լավ ծանոթ եմ։ Անձնական գործերի համար այս օրերս Թիֆլիս է եկել և անցյալ օր մեր տանն էր։ Հենց այդ օր փողոցում հանդիպել էր Բազենյանին, և տեսնեիք, թե ինչքան հուզված էր... Եվ, իսկապես, կարելի՞ է միթե խաղաղ հոգով տեսնել, թե ինչպես ամենասուրբ, ամենանվիրական զգացումներդ շահագործության առարկա են դարձած մի մութ անձնավորության ձեռքի, որին սկզբում հավատում էիր կուրորեն և համոզված էիր, թե նա քո ամենալավ, ամենաբարձր բաղձանքների իրագործողն է... Հենց դուք. այս րոպեիս դուք միևնույնը չե՞ք զգում, ինչ-որ զգացել է այն պատվական կինը. դուք ևս միևնույն ծանր հիասթափության տակ չե՞ք այս րոպեիս...

Եվ օր. Սահակյանը, լռելով, փոխեփոխ նայեց Մարությանի և Եվայի դեմքին։ Մարությանը վերին աստիճանի ապշած էր, ինչպես մի մարդ, որի մտքի առաջ հանկարծ սարսափելի և անհավատալի մի գաղտնիք է բացվում։ Իսկ Եվան կանգնած էր անշարժ և, հոնքերը կիտած, անթարթ նայում էր գետնին։ Վերին աստիճանի խիստ հանգստություն էր արտահայտում նրա ամբողջ արտաքինը։ Նրա անշարժացած դեմքը գունատվել էր և աչքերի վայր թողած կոպերը դողդողում էին իրենց երկայն թերթերունքներով։

— Օ՜, իսկապես որ սարսափելի է, սարսափելի,— հառաչեց Մարությանը ծանր երազից արթնացողի պես և առաջ անցավ։

Եվան և օր. Սահակյանը հետևեցին նրան։

— Ա՜, վերջապես հասկացաք և հավատացիք.— բացականչեց օր. Սահակյանը։— Ես զարմանում եմ, պարոն Մարության, որ դուք երբեք չեք հարցրել ինքներդ ձեզ, թե՝ լավ, եթե մեր այս պարոն Բազենյանը, որ այսքան շատ է