Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/285

Այս էջը հաստատված է

խոսում հայրենիքի թշվառության մասին, իսկապես գործիչ է, հապա այս ինչպե՞ս է հագնվում սա, այս ինչպե՞ս է ապրում սա։ Հայրենիքի թշվառության համար մտածողն ու գործողն ո՜վ, առաջնակարգ հյուրանոցում ապրողն ով, վերջին մոդով հագնվո՞ղն ով, անդադար կառքով ու սահնակով զբոսնո՞ղն ով։ Ախր, այս բաներն ինչ-որ չեն բռնում իրար։ Հենց առաջին օրը, հենց առաջին րոպեին, որ տեսա նրան ձեր տանը, մեծ թերահավատությամբ նայեցի նրա վրա։ Նրա հագուստից այնպիսի հոտ էր բուրում, որ ամենակոկետ կնոջից անգամ չեմ առել։ Ախր սրանք ուշադրության արժանի բաներ են, պարոն Մարության, իսկ դուք, ինչպես երևում է, ամենևին ուշադրություն չեք դարձրել։

— Է՛հ, ո՞վ էր հետևում այդ մանրամասնություններին,— նկատեց Մարությանը դառնությամբ։— Նա մեզ այնպե՜ս կաշկանդել էր...

— Ասացեք՝ կաշառել էր։

— Ինչպե՞ս թե կաշառել։

— Չէ՞ որ փրկել էր ձեր Սուրենի կյանքը։

— Դուք էլ բան ասացիք. նա ի՞նչ էր իմանում, թե ով ենք մենք, որ մեր երեխայի կյանքը փրկելով կաշառեր մեզ։

— Որ այդպես է, դուք չեք հասկանում այդ պարոնների հոգեբանությունը։ Ձեզ չկաշառեր, հասարակությանը խո կկաշառեր։ Չէ՞ որ Բազենյանի պես մարդկանց ամենամեծ ջանքն այն է, որ հասարակության աչքերը որքան կարելի է պինդ կապեն, և Բազենյանը դրա համար ավելի լավ առիթ չէր կարող գտնել, քան մի փոքրիկ երեխայի՝ կառքի տակ չարաչար մեռնելուց ազատելը։ Կարծում եք Բազենյանի համար քիչ բա՞ն է, որ լրագրության մեջ գրվում և հասարակության մեջ խոսվում է, թե այսինչ պարոնն այսինչ անձնազոհության օրինակ է ցույց տվել։ Եվ ինչպե՞ս նա մինչև այժմ էլ ձեռքը կապած է պահում... Ե՛ս մեռնեմ, թե նրա ձեռքն իմ ձեռքից էլ առողջ չլինի, բայց կապած է պահում, որովհետև չէ՞ որ նրա անօրինակ անձնազոհության նշանն է այդ, և, վերջապես, դրանով նա, ախր, ավելի գրավիչ է երևում... Է՜, պարոն Մարության, ինչպես տեսնում եմ, դուք դեռևս շատ միամիտ մարդ եք։ Դուք չգիտեք, թե որոշ ժամանակներ լավ մարդկանց