Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/291

Այս էջը հաստատված է

Վերջին օրերից հետո այդ առաջին գիշերն էր, որ Եվան քնեց շատ հանգիստ, իսկ առավոտյան այնքան աոողջ ու զվարթ էր զգում իրեն, որ նրա հոգին, կարծես, ոչ մի ծանր հուզման չէր ենթարկվել: Նա բոլորովին անտարբեր մնաց մինչև անգամ այն ժամանակ, երբ թեյ խմելու համար դուրս գալով սեղանատուն, տեսավ, որ հայրն ու մայրը շատ վատ տրամադրության մեջ են։ «Խեղճե՜ր,— մտածեց նա անկարեկից կերպով,— ի՞նչ եք զգացել դուք՝ համեմատած իմ զգացումների հետ»։ Եվ, մինչև անգամ ժպտալով, նստեց իր սովորական տեղը, հոր մոտ։

Մարոլթյանը, չնայելով իր վատ տրամադրության, հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանը — թեյի ժամանակ լրագիր կարդալուն։ Թեկլեն նորից սկսեց երկար ու բարակ բացականչությունները Բազենյանի մասին։ Ամուսինը համառորեն լռում էր, աչքը լրագրին տնկած, բայց վերջը, համբերությունից դուրս գալով, լրագիրը հանկարծ մի կողմ շպրտեց և այնպես պինդ գոռաց կնոջ վրա, որ Թեկլեի բերնից դուրս թռչող բացականչություններից մեկը կիսատ մնաց, իսկ փոքրիկ Սուրենը, որ, մոր կողքին նստած, հանգիստ վայելում էր իր հացը մեղր ու կարագով, վախից վեր թռավ տեղից։

— Դարդդ այն փողի համա՞ր է, որ տվի նրան,— բացականչեց Մարությանը։— Ջհաննամը. թող այդ փողը մի վարձատրություն լինի նրան, որ մեր երեխայի կյանքը փրկեց վտանգից։

— Հայրիկ, ի՞նչ հարկավոր է, որ այդպես գրգռվում ես,— ասաց Եվան հանդարտ, հաշտեցնող եղանակով։— Ավելի լավ չէ՞ որ այդ մասին ամենևին չխոսենք։

— Այո՛, այլևս ոչ մի խոսք այդ ավազակի մասին։ Վաղը նա գալու է, եթե միայն արդեն չի ծլկել այստեղից, և ես շան պես դուրս կանեմ նրան մեր տնից։

— Ինչո՞ւ այդպես խիստ, հայրիկ. ավելի լավ չէ՞ քաղաքավարի կերպով հասկացնես նրան, որ այլևս չի կարող տեղ ունենալ մեր տանը։ Այդպես ավելի ազդու կլինի։

— Ո՛չ, շա՛ն պես, շա՛ն պես.— կրկնեց Մարությանը։— Ոչինչ ինձ այնքան չի զայրացնում, որքան նրա անամոթ լրբությունը, որ մեզնից առավ Արմենակին գրած նամակը՝