Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/292

Այս էջը հաստատված է

իբր թե նրան տանելու, մինչդեռ այդ նամակը պետք է պատռեր և դեն շպրտեր, ինչպես արդեն արել է, իհարկե։

— Ահա ա՛յդ է, որ ինձ այսպես այրում է, և ոչ թե քո՝ նրան տված փողը,— նկատեց Թեկլեն ամուսնուց սաստիկ նեղացած։

— Տեսնո՞ւմ եք, դուք դարձյալ սկսեցիք,— ասաց Եվան նույն հանդարտ, նույն հաշտեցնող եղանակով։— Ի՜նչ մեծ ցավ է այդ նամակը. ուրիշը կգրենք, ի՞նչ կա որ։

— Հարյուրը կգրես, բայց տանո՞ղն ով է,— բարկացած կանչեց մայրն աղջկա վրա։

— Միևնույն է, Բազենյանն էլ խո չպետք է տաներ։

— Բաս ինչո՞ւ էր առնում, որ չպետք է տաներ, այն անաստվածը, այն անխիղճը...

— Թիո՜ւ,— թքեց Մարությանը զայրագին և նորից ձեռքն առավ լրագիրը։

Եվան տեսավ, որ իր միջամտությունը, հանգստացնելու փոխարեն, ավելի ևս գրգռում է հորն ու մորը, ուստի ավելի լավ համարեց լռել։

— Դուք ամենևին ուշադրության չեք առնում իմ դրությունը,— շարունակեց Թեկլեն լացակումած ձայնով, և նրա աչքերը լցվեցին առատ արցունքով։— Քանի ժամանակ է նամակ չունինք, իսկ այնտեղ այնպիսի բաներ են կատարվում... Գիշերները քուն չունիմ... Աստված գիտե, թե ինչեր եմ մտածում... Իսկ դուք ամենքդ էլ դեռ ինձ վրա եք հարձակվում:

Եվ Թեկլեն թաշկինակը պինդ սեղմեց աչքերին, հազիվ կարողանալով զսպել հեկեկանքը։

Եվան իր մեծ-մեծ աչքերով նայեց մորն անհուն կարեկցությամբ և ուզում էր քաջալերական խոսքեր ասել, բայց տեսավ, որ սաստիկ զգացվել է մոր սրտաճմլիկ խոսքերից և ինչ-որ մի բան, հակառակ իր կամքին, եկել դեմ է առել բկին։

Մարությանը դարձյալ լռում էր համառորեն. լրագիրը ոչ թե կարդում, այլ ուղղակի ճմռում էր ձեռքին, բայց ցույց էր տալիս, թե կարդում է։

Եվան արմունկներով հենվեց սեղանին և դեմքն առավ ձեռքերի մեջ։ Բազենյանի հմայքից ազատվելուց հետո այս առաջին անգամ էր, որ նա սկսեց լրջորեն մտածել իր հեռացած