Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/294

Այս էջը հաստատված է

կհանգստանային։ Նա անցավ առաջնորդող հոդվածին, որի մեջ խմբագրությունը խիստ հարձակումներ էր գործում ազատ-կծու լեզվի ամենազորավոր արտահայտություններով։

Այնուհետև Եվան աչքի անցկացրեց մի քանի ուրիշ հոդվածներ և թղթակցություններ։ Թղթակցությունների մեջ նրա առանձին ուշադրությունը գրավեց մի նամակ, որ, ինչպես երևում էր, վերջին դեպքերի ընդհանուր մի տեսություն էր պարզ ու հատու լեզվով գրված։ Եվան ագահորեն սկսեց կարդալ այդ նամակը։ Ընթերցման միջոցին նրա սիրտը հանկարծ սկսեց արագորեն բաբախել և դեմքը մի ակնթարթում մեռելի գույն ստացավ...

Մեկ էլ հայրն ու մայրը լսեցին սարսափելի մի ճիչ, այնքան սարսափելի, որ Թեկլեի ձեռքից վայր ընկավ թեյի բաժակը և շրխկալով փշրվեց հատակի վրա։ Հայրն ու մայրն իսկույն վեր թռան տեղից և վազեցին դեպի աղջիկը։

Եվան քարացել էր աթոռի վրա և անմիտ չռած աչքերով նայում էր ձեռքին բռնած լրագրի տողերին, կարծես այդ տողերը զարհուրելի օձեր լինեին, որոնք շարժվում էին իրենց լպրծուն մարմնի ահաբեկող-ճկուն գալարումներով, և նա չէր կարողանում աչքերը հեռացնել դրանցից։

— Ի՞նչ պատահեց, Եվա, ի՞նչ պատահեց,— կանչեցին Մարությանն ու Թեկլեն սաստիկ վախեցած։

— Տեսե՛ք, տեսե՛ք... Արմենակը...— խելագարի նման արտասանեց Եվան, մատը դնելով կարդացած վերջին տողերի վրա։ Նրա ձեռքը սաստիկ դողում էր։

Մարությանը լրագիրը խլեց նրա ձեռքից։

— Ի՞նչ կա այստեղ... ի՞նչ կարդացիր... Արմենա՞կն, ասում ես... Այս ի՞նչ թերթ է... Հա՛... Ո՞րտեղ կարդացիր Արմենակի մասին...

Եվան վեր կացավ տեղից։

— Տեսե՛ք, տեսե՛ք,— կրկնեց նա։— Արմենակը... Ա՜յ, այստեղ... Չէ՛, այստեղ չէ... Ա՛յ... Չէ՛, սպառեցեք, այդ էլ չէ... ո՞րտեղ է... Ա՛յ... Ո՜ւֆ, չէ։— Նա աչքերը պինդ տրորեց ձեռքերով և դողացող մատը նորից սկսեց շարժել լրագրի տողերի վրա։— Ա՛յ, ա՛յ,— սարսափելի շարժումներով արտասանեց նա, վերջապես գտնելով կարդացած վերջին տողերը։