Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/30

Այս էջը հաստատված է

խնդրեցին նրան, որ մտնի, բայց նա, ժամանակն անհարմար համարելով, հրաժարվեց։

— Որ այդպես է, մեզ չմոռանաք, մեր տունն արդեն գիտեք,— ասաց Մարությանը, կրկին սեղմելով նրա ձեռքը։— Բարևեցեք ձեր հորը։ Շնորհակալություն, որ մեզ բարի ծառայություն մատուցիք։

— Չարժե՜, չարժե՜,— ուրախ բացականչեց Շահյանը և թռավ իր կառքը։

— Շնորհակալությո՜ւն, պարոն Շահյան, — կանչեց Եվան։

— Չարժե՜, չարժե՜,— կրկնեց Շահյանը և կառքը քշել տվեց իրենց տան կողմը։

5

Մոտ տասը րոպեից Շահյանն արդեն իրենց տանն էր։ Նախասենյակում, երբ նա վերարկուն հանելու վրա էր, շտապով դուրս եկավ նրա առաջ մայրը։ Թամարը ժամանակից շատ վաղ ծերացած մի կին էր, զարմանալի սպիտակ դեմքի խիստ համակրելի, ազնիվ և փափուկ գծագրությամբ։ Նրա, կարծես, հոգնած աչքերը հանգիստ տխրություն էին արտահայտում մինչև անգամ այդ րոպեին, երբ երկու ամսվա անջատումից հետո, նորից տեսնում էր իր մինուճար զավակին։

— Լևոն ջա՛ն,— կամաց արտասանեց նա և կամաց գրկեց նրա գլուխը։— Վերջապես եկար... Բայց այս անիրավ եղանակին...

— Անիրավ եղանակն ի՞նչ պիտի աներ, մայրիկ, քանի որ վագոնում ինձ համար տաք նստած էի։ Հայրիկն ինչպե՞ս է, լա՞վ է։

— Հայրդ էլի այնպես է, ինչպես որ կար։ Դո՞ւ ինչպես ես, դու։ Ապա մեկ լավ նայեմ երեսիդ, խո չե՞ս լղարել։

Շահյանը ծիծաղեց։

— Դու էլ, մայրիկ... այնպես ես ընդունում, որ կարծես տասը տարի է՝ չես տեսել։ Երկու ամիս է, էլի, որ գնացել եմ։

— Ա՜խ, անաստվա՛ծ, երկու ամիսը քիչ է՞ ինձ համար։ Ասա, խո լա՞վ ես։