Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/302

Այս էջը հաստատված է

Շահյանը հանկարծ բոլորովին հակառակ իր բնավորության, կատակ անելու տրամադրություն զգաց։

— իմ սիրուհին, մայրիկ,— բացականչեց նա։— Եվ գիտե՞ս ինչու էր եկել։ Եկել էր փող խնդրելու։ Ես էլ տվի։

— Ես էլ հավատացի,— հանգիստ նկատեց մայրը։

— Այդ ավելի լավ, որ չես հավատում,— նկատեց Շահյանը ծիծաղելով։— Բայց տեսա՞ր նրան։

— Տեսա։

— Հավանեցի՞ր։ Սիրուն էր, չէ՞։ Ես տգեղ սիրուհիներ չեմ պահիլ:

Մայրն այս անգամ պարզապես ապշած նայեց որդու անսովոր ուրախությունից փայլող աչքերին։

— Լևո՞ն, այդ ինչե՜ր ես ասում...

— Ի՞նչ է, ամենքը սիրուհի են պահում, ես էլ որ պահեմ, ամոթ բա՞ն է։

— Ի՛հ, գնա, քո գլուխը չունեմ,— քրթմնջաց բարի պառավը։— Ներս գնա, ներս, մրսեցիր։ Այս ցրտին գլխաբաց էլ գնում ես մինչև դուռը ճանապարհ դնելու... Նրա աչքն էլ կարեմ։

— Օ՜, մայրիկ, զգուշացիր. ես թույլ չեմ տալ, որ նրա հասցեին այդպիսի խոսքեր ասես։

— Հիմար-հիմար մի խոսիր, ներս գնա, ասում եմ,— հրամայեց նրան մայրը բարկացած։

Շահյանը բարձրաձայն ծիծաղեց և անցավ իր ննջարանը։ Բայց այնքան ուրախ էր, սրտի մեջ այնպիսի մի թեթևություն, երակների մեջ այնպիսի մի գրգիռ էր զգում, որ այլևս պառկել քնել չէր կարող։ Մի բան, անհասկանալի մի զորություն մագնիսի պես քաշում էր նրան դեպի առանձնասենյակը — այնտեղ, ուր մի քանի րոպե առաջ պանի Զդանևիչի հետ էր։ Եվ անցավ այդ սենյակը։ Մտնելուն պես նրա քթովը դիպավ պանի Զդանևիչի հագուստին սրսկված հոտավետ օծանելիքի սուր բուրմունքը, որ դեռևս կանգնած էր այնտեղ։ Նա կանգ առավ ակամա և առանձին ախորժակով ծծեց սենյակի՝ անուշահոտությամբ հագեցած օդը։ Գեղեցիկ կնոջ մարմնի ներկայությունը նա զգաց միայն այժմ, երբ այդ կինն այլևս այնտեղ չէր։ Շահյանի համար այդպես էր եղել միշտ, այդպես էր և այժմ. կինը մոտիկից, կինն իրականության