Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/305

Այս էջը հաստատված է

այլև այն ամոթի զգացումը, որ ինքն անկարող պիտի լինի այդ կնոջ հետ վարվել ազատ, համարձակ, տղամարդի պես, ինչպես վարվում է մինչև անգամ վերջին գիմնազիստը։

Ամբողջ օրը խիստ տարօրինակ անհանգստության մեջ էր Շահյանը։ Նա, որ երբեք սովորություն չուներ սենյակի մեջ քայլելու, այժմ արագ ետ ու առաջ էր շրջում և մտածում՝ գնա՞ր, թե չգնար պանի Զդանևիչի մոտ։

Քսան անգամ կարդաց նամակը, քսան անգամ նստեց, որ պատասխան գրի, թե՝ «դժբախտաբար, գործերի պատճառով» չի կարող գնալ,— ձեռքն առաջ չէր գնում. ամեն անգամ նրա առաջ պատկերանում էր պանի Զդանևիչը իր հաղթական հասակով, իր փարթամ իրանով, իր ամբողջ էության անդիմադրելի հմայքով։ Իսկ նամակից բուրող այդ գրգռիչ անուշահոտությունը, խելագարեցնելու չափ հեշտանք էր պատճառում նրան... Նրան թվում էր, թե արհեստական հոտ չէ այդ, այլ հենց ցանկալի կնոջ մարմնի բուրմունքը...

«Օ՛հ, կգնամ, կգնամ, մեռնեմ էլ — կգնամ... վզակոթիս տալով կտանեմ ինձ»,— բացականչեց նա ինքն իրեն, շարունակելով արագ քայլել սենյակում։

Ճաշին մայրը զարմանքով տեսավ, որ որդին գինին սովորականից ավելի է խմում և մերթ մտախոհության մեջ է ընկնում, մերթ խիստ ուրախանում։ Նրանց ճաշը սովորաբար անցնում էր սուս ու փուս, բայց Շահյանն այս անգամ լեզու էր կտրվել։ Այս անգամ մորը պատմեց, թե ով էր երեկվա այցելու կինը և ինչու էր եկել, բայց չասաց, թե այդ երեկո հրավիրված է նրա մոտ։ Ճաշից որ վեր կացավ, ուղղակի հարբած էր և գինու ազդեցության տակ հաստատ վճռել էր, որ անպատճառ պիտի գնա պանի Զդանևիչի մոտ։ Եվ արբել էր հենց այն նպատակով, որ գնա։

Այդ օրը, ճաշից հետո, քնելու մասին մտածել անգամ չէր կարող — այն աստիճան գերել էր նրան ժամը 7-ին պանի Զդանևիչի մոտ լինելու միտքը։ Եվ նա սրտատրոփ սպասում էր, թե երբ պետք է օրը մթնի։

Սակայն ձմեռվա կարճատև օրը շատ շուտ մթնեց։ Ժամը 6-ին, պանի Զդանևիչի նշանակած ժամանակից մի ժամ առաջ, Շահյանը հագնվեց առանձին խնամքով, և մորն ասելով, թե գնում է թատրոն, դիմեց դեպի «Կավկազ» հյուրանոց։