Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/307

Այս էջը հաստատված է

երևակայության համար և որը, միևնույն ժամանակ, այնքան սարսափեցնում էր նրա վախկոտ կամքը։ Պանի Զդանևիչը կարող էր Բազենյանի սիրուհին լինել, բայց այդ չէր նշանակում, թե նա անպատճառ և ծախու կին պիտի լինի։

Շահյանն այս անգամ քստմնեց ինքն իրենից, քստմնեց այն վատ, անմաքուր մտքերից, որոնք այնքան հուզում, այնքան պղտորում էին իր զգացումները։ Շատ լավ ճանաչում էր իրեն. գիտեր, որ կնոջ վերաբերմամբ որքան որ գործնականապես անարատ է ինքը կույսի նման, այնքան տեսականապես ապականված է, այլասերված է զգացումներով. բայց չէր կարծում, թե այդ ապականումն ու այլասերումն իր մեջ այն աստիճան զարգացած կարող է լինել, որ հասարակ մի նամակի մեջ, այդ նամակից բուրող անուշահոտության մեջ անգամ ուրիշ բան չի կարող տեսնել, քան եթե միայն կնոջ տաք գրկախառնություն, կնոջ մարմնի յուրահատուկ բուրմունք... Այդ սոսկալի է. այդ նշանակում է բարոյական կատարյալ անկումն և ավելի գարշելի ու կորստաբեր անկումն, քան օր ու գիշեր անառականոցներումն անցկացնող մարդու անկումը...

Եվ Շահյանը կատարյալ հուսահատությամբ նորից կանգ առավ Գոլովինսկի պրոսպեկտի պայծառ լուսավորված խանութներից մեկի առաջ։

Երեկոն շատ ցուրտ էր. ձյունի հատ-հատ փաթիլները, փողոցի լուսավորության մեջ սպիտակին տալով, դանդաղորեն ցած էին թափվում սառած, պլպլող գետնի վրա. լայն մայթը կամաց-կամաց ծածկվում էր սպիտակ սավանով։ Անցուդարձը շատ քիչ էր. Շահյանի առաջով շտապ քայլերով անցնում էին կենտուկունտ մարդիկ, վերարկուների օձիքը բարձրացրած և ձեռքները գրպանների մեջ կոխած։ Բավական լավ հագնված մի կին վարդագույն այտերով, տափակ քթով հանկարծ կանգ առավ նրա առաջ և նայեց նրան տարօրինակ պլպլող աչքերով։

— Ներեցեք, պարոն. ժամը քանի՞սն է,— հարցրեց նա։

Այդ անակնկալից շփոթված, Շահյանը մեքենայաբար հանեց ժամացույցը և նայեց, ժամը 7-ից պակաս էր մի քառորդ։

— Օ՛հ, ի՜նչ վաղ է դեռ,— բացականչեց կինը, մի րոպե