Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/311

Այս էջը հաստատված է

գրեթե հավասարվում են կրծքին, ուստի վեր կացավ գահավորակից և նստեց աթոռի վրա։

— Երևակայում եմ, թե ինչքան զարմացած պիտի լինեիք երեկ, որ եկա ձեզ մոտ,— լսեց նա պանի Զդանևիչի ձայնը պատվարի ետևից։

— Ի դեպ. որտեղի՞ց գիտեիք իմ տան հասցեն։

— Զեր տան հասցե՞ն... Այդ հետո կպատմեմ։

Պանի Զգանևիչը դուրս եկավ պատվարի ետևից մաքուր մի անձեռոցիկ ձեռքին, մոտեցավ թեյի սեղանին և սկսեց թեյի պատրաստություն տեսնել։

— Այս գիշեր ես ձեզ ամեն բան կպատմեմ, ամեն բան... Հիշո՞ւմ եք, մենք ծանոթացանք Բազենյանի մոտ, երբ նա պառկած էր հիվանդ։ Այն ժամանակ արդեն զգացի, հոգիս վկայեց, վաղ թե ուշ կարոտ կլինեմ ձեր օգնությանը և վստահ կերպով կարող եմ դիմել ձեզ, որովհետև առաջին իսկ հայացքից տեսա, որ չափազանց բարի եք և...

— Այդ թողնենք, պանի Զդանևիչ։

— Այս կթողնենք, իհարկե, որովհետև չեմ ուզում կարծեք, թե յուղում եմ ձեր գլուխը։

— Երբ որ այդպես է, պանի Զդանևիչ, խնդրում եմ, էլի այդ մասին խոսեցեք,— վրա բերեց Շահյանը ծիծաղելով։

Պանի Զդանևիչը, թեյի բաժակները սրբելով, նայեց նրան և նույնպես ծիծաղեց։

— Ոչ, այդ մասին այլևս չեմ խոսիլ, պարոն Շահյան, բայց պիտի խոսեմ այն մասին, թե ինչու համար եմ այս ցուրտ գիշերին նեղություն տվել ձեզ ինձ մոտ գալու։ Պետք է ասեմ ձեզ, որ ես չափազանց ինքնասեր եմ, և չեմ ուզում, որ դուք ինձ ճանաչեք միայն իբրև ձեր պարտապանի։ Ես ուզում եմ... Չգիտեմ թե ձեր և Բազենյանի միջև ինչպիսի բարեկամություն է եղել, և նա որևէ բան պատմե՞լ է ձեզ իմ մասին, բայց ինձ թվում է, ես զգում եմ, որ դուք... (պանի Զդանևիչի դեմքը հոգեկան մի սուր ցավից ծամածռվեց, և նա մեծ դժվարությամբ ավարտեց ասելիքը) նպաստավոր գաղափար չունիք իմ մասին... Ա՜հ,— հառաչեց նա անզոր զայրույթով և բաժակը շրխկացնելով վայր դրեց բաժակակալի վրա։— Դուք կարծում եք, թե էժա՞ն է նստել ինձ ձեզ մոտ գալս, ձեզնից օգնություն խնդրելս։ Դժոխքի տանջանքներ