Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/312

Այս էջը հաստատված է

եմ կրել ես, մինչև որ վստահացել եմ ձեր դռան զանգակը քաշել։ Ո՞ւր եմ գնում,— ասում էի ինքս ինձ։— Ի՞նչ պիտի ասեմ: Ինչպե՞ս պիտի հայտնեմ իմ վիճակը։ Ի՞նչ պիտի մտածի նա իմ մասին։ Ի՞նչ աչքով պիտի նայի ինձ վրա, երբ ինքս իմ բերանով խոստովանեմ, որ Բազենյանի սիրուհին եմ եղել, որ նա ձգել է ինձ, փախել... Եվ եթե չհավատա խոսքերիս ու քաղաքավարի ճանապարհ դնի ինձ դատարկաձեռն... Ինչքան էլ համոզված լինեի, որ դուք ջենտրմեն եք, ինչքան էլ զգացումս թելադրեր ինձ, որ լիովին կարող եմ վստահել ձեր բարության վրա, այնուամենայնիվ այսպիսի անսովոր վիճակի մեջ չէի կարող ազատ լինել կասկածներից և հոռետեսությունից։ Փառք աստծո, կասկածներս ու հոռետեսությունս սխալ դուրս եկան ձեր վերաբերմամբ. դուք շատ բարի գտնվեցաք դեպի ինձ, որի համար չափազանց շնորհակալ եմ ձեզնից. բայց... ձեր այդ բարությունն ինձ հոգեկան ավելի մեծ տանջանք պատճառեց, քան ա՛յն, եթե դուռն ուղղակի ետ դնեիք երեսիս։ Երբեք ինձ այնքան նվաստացած չէի զգացել, ինչպես ա՛յն ժամանակ, երբ դուրս եկա ձեր տնից։ Ես — մի օտար կին ձեզ համար, դուք — մի օտար մարդ ինձ համար. իսկապես ոչ ես եմ ճանաչում ձեզ, ոչ դուք ինձ։ Եվ հանկարծ մտնում եմ ձեզ մոտ, լաց եմ լինում ձեր առաջ, փող եմ խնդրում ձեզնից... Դուք չեք մերժում, որովհետև բարի եք, ջենտլմեն եք։ Բայց մի՞թե այդ գեղեցիկ հատկությունները կարող են արգելք լինել մարդու, որն իր հոգու խորքում չկասկածե այն անծանոթի մասին, որ դիմում է իր օգնությանը և որի ասածներին ստիպված է հավատալ բարեկրթությունից դրդված։ Դուք ինձ օգնեցիք իսկույն, առանց խոսելու, առանց նույնիսկ կամենալու հետամուտ լինել իմ ասածների ճշմարտությանը, և չկամեցաք անգամ, որ շնորհակալություն հայտնեմ. բայց և այնպես ինչո՞վ կարող էի հանգստացնել ինձ, փարատել կասկածս, որ ձեր սրտի խորքում ընկած կին, խաբեբա, նույնիսկ Բազենյանի գաղտնի դաշնակիցը չեք համարում ինձ...

— Պանի Զդանևիչ,— այլևս չկարողանալով համբերել, բացականչեց Շահյանը՝ սաստիկ զգացված և վեր կացավ տեղից։— Այդ ի՞նչ եք ասում։ Մի՞թե ինձ կանչել եք նրա՛ համար, որ վիրավորեք։