Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/313

Այս էջը հաստատված է

Պանի Զդանևիչը, խիստ հուզված, արագորեն մոտեցավ նրան և առավ նրա ձեռքը:

— Ա՜խ, ազնի՛վ բարեկամս, ներեցեք ինձ։ Ես ձեզ վիրավորելու ամենևին միտք չունիմ։ Ես միայն իմ դրությունս եմ պատմում։ Պատմում եմ բարոյական այն տանջանքները, որ կրել եմ այն ցած մարդու պատճառով։ Ինձ համար ահագին թեթևություն է, որ կասկածներս ձեր մասին սխալ են եղել։ Ես ուզում եմ, որ դուք, եթե չեք ճանաչում ինձ, ճանաչեք, և լավ ճանաչեք, պարոն Շահյան։ Այդ ուզում եմ ոչ թե ձեր, այլ ինձ համար, իմ հանգստությանս համար։ Ա՜հ... Լսեցեք, պարոն Շահյան, իմ թանկագին բարեկամ... Ասացի, որ վաղն առավոտ հեռանում եմ. զոհեցեք ինձ այս երեկո և թույլ տվեք անկեղծորեն պատմեմ ձեզ այն բոլորը, ինչ որ պատահել է. թույլ տվեք սրտիս վրա ծանրացած դառնությունը թափեմ ձեր առաջ և այնպես հեռանամ։ Ես ձեզ դատավոր չեմ կարդում,— ո՛չ.— իմ դատավորն ես ի՛նքս եմ, և ամենախիստ դատավորը.— ես միայն ուզում եմ ձեր առաջ, իբրև խոստովանահորս առաջ, իբրև հարազատ եղբորս առաջ, իմ խոստովանանքս անել, որովհետև, չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե այդպիսով միանգամայն հանգստացած պիտի լինիմ։ Այդ բանն ուզում էի անել երեկ, բայց երեկ այնքան ճնշված էի զգում ինձ, այնքա՜ն ամաչում էի ձեզնից... Իսկ այժմ ավելի ազատ եմ զգում ինձ, և այնքան սիրեցի ձեզ, որ ամեն բան պիտի պատմեմ։ Ոչինչ չեմ թաքցնիլ ձեզնից, ամեն բան կպատմեմ այնպես, ինչպես որ պատահել է, և դուք կտեսնեք, թե որպիսի խորամանկ, խաբեբա և անաստված արարածի հետ եմ ես գործ ունեցել։ Խնդրում եմ, աղաչում եմ, նստեցեք։

Շահյանը նստեց։ Բոլոր ժամանակ, երբ այդպես հուզված խոսում էր պանի Զդանևիչը, նա խիստ ճնշված դրության մեջ էր զգում իրեն այդ կնոջ հսկայական հասակի առաջ, որի մեջ հրաշալի ներդաշնակություն էին կազմում ֆիզիկական ուժն ու կանացի գեղեցկությունը։ Եվ այդ ճնշված դրության մեջ Շահյանն այնքան շփոթվել էր, որ հազիվ թե լսում էր պանի Զդանևիչի ասածները, այլ միայն անդիմադրելի մի զորությունից ստիպված, նայում և դիտում էր նրա զարմանալի արտահայտիչ աչքերը, հուզումից դողդողացող լիք