Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/315

Այս էջը հաստատված է

— Հետո՞։

— Նա ինձ ասաց, որ ձեզ հետ ծանոթացել է ճանապարհին, որ դուք իբր թե գնում եք... չգիտեմ ուր... հա՛, կարծեմ, ասաց Կարս, ուր ձեր ամուսինը իբր թե ծառայում է։

Պանի Զդանևիչը ծիծաղեց ակամա, բայց իսկույն էլ զսպեց իրեն և, ձեռքերը դնելով սեղանի վրա, ավելի մեծ հետաքրքրությամբ նայեց Շահյանի ակնոցներին։

— Հետո՞,— հարցրեց նա։

— Ձեր մասին այս է միայն պատմել ինձ։

— Ա՞յդ միայն և ուրիշ ոչի՞նչ։

— Ի՞նչ վերաբերում է ձեր անձնավորությանը,— ավելացրեց Շահյանը նայելով իր թեյի բաժակին, որովհետև պանի Զդանևիչր համառ հետաքրքրությամբ շարունակում էր նայել նրա ակնոցին,— ձեր անձնավորության մասին պատմել է, որ դուք... շատ պատվական կին եք... որ դուք... Առհասարակ,— անկեղծ եմ ասում, պանի Զդանևիչ, ձեր մասին նա միշտ հարգանքով է խոսել և ոչ մի աննպաստ խոսք չի ասել ինձ ձեր մասին։

— Ա՛խ, երևի դուք կարծում եք, թե նրա համար եմ ձեզ հարցուփորձ անում, որ իմանամ, թե նա լավ կամ վա՞տ է խոսել ձեզ մոտ իմ մասին,— բացականչեց պանի Զդանևիչը ժպտալով։— Ո՛չ, ազնիվ բարեկամս. ես ուզում եմ միայն իմանալ, թե եթե նա ձեզ որևէ բան պատմել է իմ մասին, որքա՞ն ճիշտ է պատմել, ձեզ մոտ է՞լ սուտ է խոսել, ինչպես միշտ սուտ էր խոսում ինձ մոտ։ Բայց ինչևիցե, այս թողնենք։ Ես մի ուրիշ բան եմ ուզում հարցնել ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչ գաղափար ունիք դուք նրա մասին։

— Ես... ինչպես ասեմ... Ճիշտն ասած, նրան ճանաչել չկարողացա։ Այն աստիճան ճարպիկ լեզու ունի և վարվում էր այնպիսի վարպետությամբ, որ իր մասին կազմած ամեն մի աննպաստ գաղափարս իսկույն ջրում էր։ Մի բանի պատճառով ես սկսել էի նրան ատել, բայց նա այնպիսի ֆոկուս սարքեց, որ նորից սկսեցի սիրել։ Բայց և այնպես, ես արդեն գլխի էի ընկել, որ շատ ճարպիկ աֆերիստներից մեկն է։ Ինձնից բավական գումարներ կորզեց, և այժմ ձեզնից եմ իմանում, որ ծլկել է այստեղից։