Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/316

Այս էջը հաստատված է

— Հա՜, հա՜, հա՜... ձե՞զ էլ է կողոպտել,— ծիծաղեց պանի Զդանևիչը սառնությամբ։

— Հապա՛։

Պանի Զդանևիչը ծանր թառանչ քաշեց և կարճ ժամանակ դառն մտախոհության մեջ ընկավ։ Հետո ջղային մի ցնցումով սթափվեց և նայեց Շահյանին շատ լուրջ հայացքով։

— Բայց գիտե՞ք, որ նա տաղանդ էր, մեծ տաղանդ...

— Միամիտներին խաբելո՞ւ մեջ, անշուշտ,— նկատեց Շահյանը։

— Իր ցանցերը լարում էր այնպիսի ճարպկությամբ,— շարունակեց պանի Զդանևիչը,— որ զոհն ինքն իր ոտով էր գնում մեջն ընկնելու և նույնիսկ մեծ հաճույք էր զգում, որ նրա ցանցի մեջ է, իսկ հետո, երբ ուզում էր դուրս գալ, չէր կարողանում... Բայց լսեցեք պատմությունս և կտեսնեք, թե որքան ճիշտ եմ ասում։

4

Ինչպես անունս ցույց է տալիս, ես լեհացի եմ, ռուսական լեհերից։ Սերվում եմ լեհական մի հին տոհմից, որը երկու քաջ զինվոր է տվել մեր Կոսցյուսկոյին, 1794 թվի ապստամբության ժամանակ։ Հորս չեմ հիշում. որովհետև չորս տարեկան եմ եղել, որ վախճանվել է։ Մայրս սրանից տասն տարի առաջ մեռավ։ Շատ խելոք կին էր և չափազանց սիրում էր ինձ, թեև շատ էլ երես չէր տալիս։ Նա ինքն էր կառավարում մեր պապական բավական մեծ և արդյունավետ կալվածները, որոնք հետո, իբրև օժիտ, անցան ամուսնուս ձեռքը։ Ծնողներիս միակ զավակն էի ես։ Կրթությանս ու դաստիարակությանս վրա ոչինչ չի խնայված, բայց ես բավական էքսցենտրիկ բնավորություն ունեի և ընկա առաջին պատահած մարդու գիրկը: Ամուսինս իսկապես վատ մարդ չէր, բայց շուտով տեսա, որ իմ ամուսնությունը նրա հետ մի խոշոր սխալ էր իմ կողմից։ Մի պակասություն ուներ, որ ամենից ավելի դուր չէր գալիս ինձ. այդ նրա անհագ շահասիրությունն էր և իր ուժերից վեր խոշոր ձեռնարկությունների մեջ մտնելու ձգտումը, որին և զոհ գնաց թե մեր կալվածների մեծ մասը, և թե ինքը։ Քսաներկու տարեկան էի, որ այրիացա: