Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/319

Այս էջը հաստատված է

աշխարհում։ Հետո, երբ ես նրան հայտնեցի, որ մորեղբայրս անխառն արյան տեր արիստոկրատ է, բացականչեց։

— Ինչո՞ւ այդ վաղ չէիք ասում. ես խո ավելի խիստ լեզվով կխոսեի նրա հետ։

— Բայց դուք մոռանում եք, որ ես էլ արիստոկրատ եմ թե՛ հորս և թե մորս կողմից,— նկատեցի ես ծիծաղելով։

— Ափսոս, որ ես այդ չգիտեի այն ժամանակ, երբ ազատեցի ձեր գլխարկր, թե չէ...

—Թե չէ՞...

— Շատ պարզ է. չէի ազատիլ ձեր գլխարկը,— ասաց նա կոմիկական հանգստությամբ։

Մի բան, որ չափազանց դուր էր գալիս ինձ, այդ այն էր, որ նա խոսում էր անբռնազբոսիկ կերպով. խոսում էր պարզ, համարձակ, առանց շփոթվելու, շատ անգամ կատակով, երբեմն կծու հեգնությամբ, եթե դիմացինը ծաղրելի էր, և ամենևին չէր քաշվում ոչ հասակից, ոչ դիրքից, ոչ տիտղոսից, ոչ մի բանից։

Երկրորդ անգամ նրան հանդիպեցի մի հայի վաճառատան մեջ, ուր պատահմամբ մտել էի մի քանի մանր-մունր բաներ գնելու։ Նա կանգնած էր վաճառատան տիրոջ մոտ և ինչ-որ լուրջ խոսակցության մեջ էր։ Ինձ նկատեց ոչ-իսկույն և նկատելուն պես արագ մոտեցավ և բարևեց իբրև հին ծանոթ։

— Մի՞թե չեք խորշում հայի խանութ մտնելուց,— ասաց իրեն հատուկ հումորով։

— Մի՞թե կարծում եք, որ պիտի խորշեմ,— պատասխանեցի ծիծաղելով։

— Որ այդպես է,— ասաց,— ուրախությամբ ողջունում եմ մի օտարուհու, որ իրեն հեռու է պահում հայերից, ուզում եմ ասել՝ հայ վաճառականներին շատ էլ նպաստավոր գույներով չներկայացնող մի ընդհանուր նախապաշարումից։

— Երևում է, որ ազգային հպարտություն ունիք,— նկատեցի ես։— Այդ, իհարկե, գովելի է։ Բայց իզուր եք կարծում, թե մենք՝ լեհացիներս էլ կարող ենք ուրիշների նման աննպաստ գաղափար ունենալ հայի վրա. բավական է հիշենք, թե հնումն ինչ ծառայություն են մատուցել հայերը Լեհաստանում: