Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/324

Այս էջը հաստատված է

շրջապատել էինք նրանց և լսում հետաքրքրությամբ։ Հուսարը քաշված էր մի կողմ և լսում էր բեղերը կատաղի կերպով ոլորելով և համառորեն նայելով իր կոշիկների ծայրերին։ Բազենյանը պաշտպանում էր իր գաղափարներն այնպիսի եռանդով և պերճախոսությամբ, որ մորեղբայրս, վերջ ի վերջո, չկարողացավ դիմանալ և գրեթե սարսափահար բացականչեց. «Դուք պարզապես անիշխանական եք, պարոն. անպատճառ ռումբ էլ կունենաք ձեր գրպանում»։ Հուսարը մորեղբորս այս խոսքերի վրա հանկարծ բարձրացրեց գլուխը և ծիծաղեց շատ բարձրաձայն և շատ անբնական կերպով։

— Հայ և ռո՜ւմբ,— բացականչեց նա։— Դեռևս Պուշկինն է ասել խո՝ «ты раб, ты трус, ты армяшка...»

Նա դիտմամբ. «армянин» բառն «армяшка»-ի փոխեց, որ ավելի կծած լինի Բազենյանին։

Ես նայեցի Բազենյանին և սարսափեցի,— այն աստիճան հանկարծ գույնը նետեց։ Չգիտեմ, ինչ էր ուզում անել, բայց հիշում եմ, որ ձեռքն ամուր բռնեցի։ Նա նայեց ինձ, սարսափով և աղերսանքով լի աչքերիս, էլ չխոսեց, հետո շատ շուտով վեր կացավ և գնաց։

Հետևյալ օրն ինձ լուր տվին, որ Բազենյանը ռեստորանում, մարդկանց ներկայությամբ, ապտակ է տվել հուսարին։ Լուր տվողը մորեղբայրս էր, որը, չնայելով իր ծերության և արիստոկրատիզմին, սկանդալների սիրահար էր։ «Այս բանն, իհարկե, առանց մենամարտի չի վերջանա»,— ավելացրեց նա։ Սակայն հետևյալ օրը նույն մորեղբայրս հաղորդեց ինձ.

— Քո այդ Բազենյանին սկսում եմ կամաց-կամաց սիրել, չնայելով իր անտանելի անիշխանական հայացքներին։ Գիտե՞ս ինչ է պատասխանել հուսարի ուղարկած մարտավկաներին. «Ես իմ մենամարտը վերջացրած եմ համարում,— ասել է.— նա ինձ «армяшка» անվանեց, ես նրան ապտակ տվի, ուրիշ ի՞նչ է ուզում»։ Արևելցու պարզ ու սիրելի լոգիկա։ «Բայց որպեսզի չկարծի, պարոններ, թե ես «трус» և «граб» եմ,— ավելացրել է նա,— ես նրա սուրը կհանեմ պատյանից և կկոտրեմ ձեր և իր իսկ աչքի առաջ»։

Բայց և այնպես, ինչպես երկու օր հետո իմացա, Բազենյանը զիջել էր հուսարի սպառնալիքներին, թե ուղղակի փողոցում կբռնի կսպանի նրան, եթե վերջնականապես հրաժարվի