Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/327

Այս էջը հաստատված է

այնպիսի մի բան անելու, որ նա չգնա, որ նա մնա, իմը լինքի... Այնուհետև, երբ կարևոր ջանք գործ դնելով զսպեցի ինձ և նայեցի նրա աչքերին,— հարգանքով լի աչքերին,— զգացի, թե ատում եմ նրան, այնքա՛ն ատում, որքան ոչ ոքի չէի ատել դեռ։ Այդ միջոցին կրկին անգամ և վերջնականապես համոզվեցի, որ միմիայն հարգանքի զգացում է տածում դեպի ինձ, որ նրան միմիայն այդ զգացումն է թելադրել վերջին անգամ գալու ինձ մոտ, որ նա ամենայն հանգստությամբ կարող էր, առանց ինձ վերջին անգամ տեսնելու էլ, հեռանալ գնալ, առանց մտածելու, թե ես գոյություն ունիմ աշխարհիս երեսին... Ոչ մի ժամանակ այնպես չէր վիրավորվել հպարտությունս, ինչպես այդ րոպեին։ Այդ պատճառով, երբ վերջին անգամ առավ ձեռքս և համբուրեց, սառն էի վերին աստիճանի. կարծես արյանս շրջանառությունը հանկարծ կանգ էր առել երակներիս մեջ։

Այդ բանն աննկատելի չմնաց նրանից. գլուխն արագ բարձրացրեց, իր թափանցող հայացքով նայեց աչքերիս և հարցրեց անհանգստությամբ.

— ՒԻ՞նչ է պատահել ձեզ. ձեր երեսին գույն չկա։

Քիչ մնաց սիրտս փուլ գար։ Բայց անձնասիրության համառությամբ վճռեցի չընկճվել այդ կախարդի րոպեական քնքշանքի տակ և կրկնապատիկ սառնությամբ պատասխանեցի, թե այդ օրը վատ եմ զգում ինձ։ Շատ լավ զգացի, որ չհավատաց, բայց և այնպես ոչինչ չասաց, դռան մոտ խորին հարգանքով գլուխ իջեցրեց և դուրս գնաց։

Դռան ետևը կանգնած, ուշի-ուշով ականջ էի դնում, թե ինչպես նախասենյակում հագնում էր վերարկուն, թե ինչպես սանդուղքով իջավ ներքև, թե ինչպես դուռը բացվեց և ապա փակվեց։ Այնուհետև ոչ մի ձայն, ոչ մի շշուկ։ Երբ ուշքի եկա, տեսա, որ, ճակատս դռանը սեղմ ծ, ցնցվում եմ բոլոր ջղերովս և անզուսպ հեկեկանքի նման ինչ-որ վայրենի ձայներ դուրս են թռչում բերանիցս։ Վերին աստիճանի կատաղի մի հուսահատություն էր տիրել ինձ։ Զգում էի, որ եթե Բազենյանը վերադառնար և կանգներ առաջս, պատրաստ էի և՛ խեղդել նրան, և՛ փարվել նրա ոտներին։ Շուտով չհանգստացա, բայց հետո կամաց-կամաց այնպիսի մի ամայություն զգացի շուրջս, որ կարծես թե ամբողջ աշխարհը