Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/329

Այս էջը հաստատված է

Վճռել էի ուղղակի բռնի կերպով նետվելու նրա գիրկը, եթե զզվանքով անգամ դեն հրելու էլ լիներ ինձ։ Վերին աստիճանի հուսահատված էի, վճիռս էլ նույնքան հուսահատական էր։

Շատ լավ հիշում եմ, ոչինչ չկարողացա արտասանել, այլ միայն որքան ուժ ունեի, ամուր բռնեցի ձեռքից և գրեթե քարշ տվի ետևիցս։

Նա, վերջապես, ճանաչեց ինձ։

— Պանի Զդանևիչ,— շշնջաց նա, չգիտեմ՝ խիստ զարմացած, թե խիստ վախեցած։

— Ե՛կ,— արտասանեցի ես ատամներս սեղմած և բոլոր ուժովս քարշ էի տալիս նրան։

Մտանք հյուրանոց։ Ես վազում էի առաջ և ամբողջ մարմնովս դողում։ Երբ մտանք նրա սենյակը, և նա ճրագը վառեց, ես վուալս, կարծեմ, պատռեցի ուղղակի և դեն շպրտեցի։

— Տեսնո՞ւմ ես,— ասացի,— դու այնպիսի դրության մեջ ես դրել ինձ, որ ուղղակի իմ ոտովս եմ եկել քեզ մոտ։

Ճիշտը ձեզ ասեմ, այդ միջոցին արդեն այնքան կորցրել էի ինձ, որ այլևս ոչ մի ընդունակություն չունեի դիտելու, թե իմ հանկարծակի երևույթը, իմ խոսքերը, իմ դրությունն ինչ տպավորություն են գործում նրա վրա։ Պետք է որ չափազանց զարմացած լիներ։ Հետո միայն անհուն բերկրությամբ տեսա, որ նա չոքած է ոտներիս առաջ, քնքշանքով համբուրում է ձեռքերս և... լալիս է։

Այլևս ոչինչ չէի տեսնում, բացի առաջս խոնարհված այն գեղեցիկ գլխից հրաշալի սևաթույր մազերով ծածկված, այլևս ոչինչ չէի զգում, բացի անհուն մի երանությունից, որի ժամանակ մեռնեի էլ, ամենաերջանիկը կլինեի...

Ա՜խ, կախարդ էր նա,— ավելի քան կախարդ...

Այդ գիշեր ամեն բան խոստովանեց։ Ասաց, որ ինքն իբր թե տանջվում է եղել ինձ սիրելուց, բայց զսպելիս է եղել իրեն, որովհետև ինքը կնոջ սիրո համար չէ ծնված, այլ — իր թշվառ հայրենիքի համար։ Առաջս չոքած, ձեռքերս բռնած, ներքևից նայում էր աչքերիս և վերին աստիճանի վառված, կարծես բերան արած խոսքերով նկարագրում էր իր հայրենիքի անտերությունը, այնտեղ տիրող սարսափները,