Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/33

Այս էջը հաստատված է

աչքով նայեր ծնողների վրա, որոնց հանցանքն այն էր միայն, որ նրանք ամեն կերպ հոգում էին նրա բարեկեցության համար։

Այդ սակավ ժամերից մեկն էլ այժմ էր, երբ նա համբուրեց մորը, իսկ հոր հետ սկսեց մինչև անգամ կատակներ անել:

Տեսնելով որդուն ուրախ տրամադրության մեջ և բավական կազդուրված, հայրն ու մայրը կատարելապես երջանիկ էին զգում իրենց, այնքան երջանիկ, որ աղա Կարապետը մինչև անգամ մոռացել էր իր ֆիզիկական ցավերը և այլևս չէր տրտնջում։

Սակայն Շահյանն երկար չմնաց ծնողների մոտ։ Հրաժարվելով մոր առաջարկած ընթրիքից, նա քաշվեց իր ննջարանը և անմիջապես պառկեց, որ քնի։ Բայց, չնայելով որ ճանապարհից բավական ջարդված էր, շուտ չկարողացավ քնել։

Փափուկ անկողնի մեջ պառկած երկար ժամանակ մտածում էր Բազենյանի և նրա ուղեկցուհու մասին, մտածում էր հոր մասին, մոր մասին, Մարությանների մասին, Եվայի մասին, առավելապես Եվայի մասին։

Տպավորությունները դեռևս շատ թարմ էին, իսկ երիտասարդական պարապ երևակայությունը — վառ։ Այդ թարմ տպավորությունների տակ ցնորքներ էին, որ վխտում էին նրա գլխում։ Երիտասարդական պարապ ու ծույլ կյանքի մեջ, երբ նրա ուղեղն իր գործունեության համար իրական ոչ մի հենակետ չէր ունեցել,— երևակայությունը միշտ թռել էր դեպի վերացական աշխարհը, որտեղ երևույթներն ու պատկերները հոգի ու մարմին չունին, ուրեմն և ո՛չ մի կենդանի կապ իրական կյանքի հետ։ Այո՛, ցնորքնե՜ր, ցնորքնե՜րը...

Ցնորքները հրաշալի են և միտք ունին, երբ դրանց ստեղծում է այն մարդկանց երևակայությունը, որոնց մեջ գործելու եռանդ ու կրակ կա, որոնց կյանքը նպատակ, վսեմ նպատակ ունի, որոնք ապրում և գործում են լավագույն ապագայի բաղձանքներով. բայց նա, որ իր երակների մեջ արյան տաքություն չի զգացել երբեք, որ ոչ մի եռանդ, ոչ մի ձգտում և այդ ձգտման հասնելու կամք չի ունեցել