Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/331

Այս էջը հաստատված է

բայց հետո շատ շուտով ընտելացավ այդ կնոջ ազատ, մտերմական վարմունքին և լսում էր նրան ամենայն հետաքրքրությամբ, միանգամայն պատկերացնելով իր առաջ նրա պատմության բոլոր մանրամասնությունները։

Պանի Զդանևիչը խորը հառաչեց, դանդաղ քայլերով վերադարձավ և նստեց առաջվա տեղը։ Այժմ նրա դեմքը խիստ տխուր էր։ Շահյանին մինչև անգամ թվաց, թե նրա աչքերը թաց են։ «Մի՞թե դեռևս սիրում է»,— մտածեց զարմացած։

— Երկու ամսից հետո ես արդեն ծախել-ծախծխել էի շարժական և անշարժ կայքերիս մեծ մասը և նրա հետ գնացի արտասահման,— առաջ տարավ իր պատմությունը պանի Զդանևիչը հոգնած ձայնով։— Նա զիջել էր իմ թախանձանքին, որ մի կարճ ժամանակ նվիրվի իմ սիրույն։ Շրջեցինք եվրոպական գրեթե բոլոր նշանավոր վայրերը, գնացինք և Ամերիկա։

Ի դեպ։ Միացյալ Նահանգներում ի մոտո ծանոթացա լեհ հայրենասիրական մի ընկերության հետ, որի մասին շատ բան էի լսել։ Չգիտեմ, ձեզ հայտնի՞ է, թե ոչ,— լեհական վերջին անաջող ապստամբությունից հետո իմ հայրենակիցներից շատերը փախան օվկիանոսի այն կողմը և այնտեղ կազմեցին հայրենասիրական զորեղ մի գաղութ, որ մինչև օրս էլ գոյություն ունի և որի նպատակն է ազատ հասարակապետության ազատ հողի վրա նախապատրաստվել ապագայի համար։ Այդ տարագիրները սպասում են միայն քաղաքական աջող դիպվածների, որոնցից օգտվել չեն հապաղիլ: Այս րոպեիս ամբողջ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում երկու միլիոնից ավելի լեհացի կա և այնտեղ նրանք կատարելապես պահպանում են իրենց ինքնուրույնությունը, ունեն իրենց ազգային դպրոցները, մայրենի լեզվով հրատարակվող բազմաթիվ լրագրեր, ունեն իրենց կաստյոլները, որոնց միաբանությունները ոչ այնքան կրոնական նպատակ ունեն, որքան քաղաքական-հայրենասիրական, այնպես որ միաբաններից շատերը լեհ զինվորի հագուստ ու զենք են կրում։

Բայց այս ի միջի այլոց։

Պետք է խոստովանեմ, որ Բազենյանը սկզբում չափազանց նվիրված էր ինձ. առանց ինձ ոչ մի տեղ չէր գնում,