Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/333

Այս էջը հաստատված է

Դրա համար երբեմն ուղղակի կոպտաբար էր վարվում ինձ հետ, երբեմն էլ ամբողջ օրերով մենակ էր թողնում ինձ և վերադառնում էր ուշ գիշերին։ Բայց և այնպես, ես էլի լուռ էի, ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ տեսնում և աղի արցունքներ էր, որ թափում էի մենակ ժամանակ։

Իհարկե, չէր կարող այսպես երկար շարունակվել, մանավանդ որ նա, լռությունից խրախուսված, սկսել էր այլևս բանի տեղ չդնել ինձ։ Դանակը ոսկորին էր հասել, և մի անգամ, այլևս չկարողանալով դիմանալ, սկսեցի հանդիմանել։ Նա սաստիկ բորբոքվեց և ասաց, որ ես միանգամայն կործանում եմ իրեն, որ ես կապել եմ իր ձեռքերն ու ոտները, որ ես ստիպել եմ իրեն դավաճանել իր ընկերներին, դրժել իր սրբազան ուխտը և այն, և այլն: Բանը վերջացավ նրանով, որ հանցավորն ես եղա և գլխովին պարտական մնացի նրան։ Տե՛ր աստված, ինչքա՜ն միամիտ էի, ինչպե՜ս սիրում ու հավատում էի նրան...

Մի անգամ շատ զգուշորեն խոսք բաց արի այն մասին, թե ինչու մեր կապը չենք կնքում օրինավոր ամուսնությամբ։ Նա ծիծաղեց և նկատեց.

— Մի՞թե դու որևէ նշանակություն ես տալիս այդ հիմար ձևականությանը։

— Բայց ես շուտով մայր պետք է լինեմ,— հայտնեցի ես։

Այս բանն, ըստ երևույթին, այնքան անակնկալ էր նրա համար, որ նա վեր թռավ տեղից գրեթե սարսափած։

— Ճի՞շտ,— բացականչեց նա, հետո ինչ-որ մտախոհության մեջ ընկավ և ասաց շատ հանգիստ.— Հա՛, երբ որ այդպես է... պետք է օրինական անուն տալ մեր զավակին։

Ես խիստ ուրախ էի, որ գոնե օրինավոր ամուսնությամբ և զավակի միջոցով կարող կլինեի նրան առմիշտ կապել ինձ հետ, բայց շուտով այդ բանումն էլ հիասթափվեցի։ Ամուսնությունը նա միշտ հետաձգում էր զանազան պատրվակներով, իսկ զավակս ծնվեց մեռած... Ես սոսկում եմ հիմա, որ մտածում եմ, թե ինչ պիտի անեի այժմ, եթե զավակս մեռած չծնվեր և ապրեր...

Գարնանը վերադարձանք Վարշավա։ Այստեղ մորեղբորս մեռած գտա։ Ամուրի էր և անզավակ, միակ ժառանգն ես էի,