Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/339

Այս էջը հաստատված է

ստացա նրանից։ Այդ նամակը պահեցի, որ կարդամ ձեզ մոտ։ Տեսեք ինչ է գրում։

Պանի Զդանևիչն արագ մոտեցավ գրասեղանին, գզրոցը դուրս քաշեց, հանեց մի նամակ, գնաց նստեց Շահյանի կողքին և, նամակը բռնելով այնպես, որ Շահյանն էլ կարողանա կարդալ, կարդաց.

«Իմ քաղցրիկ Էլիզա։

Այս րոպեիս այնպիսի մի հսկայական հիմարություն գործեցի անզգուշաբար, որից ստիպված եմ անմիջապես հեռանալ։ Կուզեի անձամբ տեսնել քեզ, բայց ժամանակը չի ներում. գնացքը մեկնելու է մի ժամից, հազիվ թե վրա հասնեմ։ Այս րոպեիս ինքս էլ չգիտեմ, թե ուր եմ գնում, բայց պիտի գնամ, անպատճառ պիտի գնամ։ Ճանապարհից կհեռագրեմ քեզ, թե որտեղ կարող ես ինձ գտնել։

Նամակս գրում եմ, որպեսզի չկարծես, թե փախել եմ քեզնից։ Վերջին ժամանակս դու այդ բառը շատ էիր կրկնում, որով շատ էիր զայրացնում ինձ։ Վկա է աստված, որ ես քեզ սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ, քանի շունչս բերնումս է։ Վերջին սրիկան պիտի լինեմ, եթե գեթ մի րոպե մոռանամ այն անփոխարինելի զոհաբերությունը, որ դու արել ես ինձ համար։ Եթե որևէ տհաճություն եմ պատճառել քեզ, այդ պիտի վերագրես միայն իմ դժբախտ կրքոտ բնավորությանը, որից ինքս էլ գոհ չեմ։

Ցտեսություն, կյանքիս քաղցրիկ ընկերուհի։

Ցմահ քո Սուրեն»։

Հ. Գ.— Փողի կարիք որ զգաս, դիմիր Լևոն Շահյանին, որի հետ ծանոթացար ինձ մոտ, երբ ես պառկած էի հիվանդ։ Նա շատ ազնիվ, շատ պատվական երիտասարդ է, և կարող ես վստահիլ նրան առանց քաշվելու։ Համենայն դեպս հայտնում եմ քեզ նրա հասցեն»։

— Հետևում է ձեր հասցեն,— միակ բանն ամբողջ նամակի մեջ, որ կարևորություն ունեցավ ինձ համար, մնացածը՝ գրոշ,— ասաց պանի Զդանևիչը և հանգիստ ու կամաց ճղեց նամակը վերևից մինչև ներքև։— Եվ այս խորամանկ