Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

թշվառականը կարծել է, թե այնքան բաներից հետո պիտի հավատամ իր այս ստության և կեղծավորության դերին.— ավելացրեց նա, նամակը ճմռելով ափի մեջ և հանգիստ գարշանքով շպրտելով վառարանի կողմը։— Ինչո՞ւ չի գրում, թե այն ի՞նչ հսկայական հիմարություն է, որ գործել է և որից ստիպված է եղել այնպես շուտափույթ հեռանալ և իբր թե ժամանակ չի գտել ինձ էլ իր հետ առնելու: Այսօր ճիշտ տասը օր է, որ գնացել է, և ո՞ւր է այն հեռագիրը, որով ճանապարհից պիտի հայտներ ինձ, թե որտեղ կարող եմ գտնել իրեն։ Աստծուն վկա է բերում, թե սիրել է ինձ, սիրում է և... Է՜հ, բավակա՛ն է, բավակա՛ն է։ Նորից արյունս տակնուվրա է լինում...

Պանի Զդանևիչը սաստիկ գրգռված վեր կացավ, հատակից վերցրեց նամակը, վառարանի դուռը բաց արեց և ներս շպրտեց։ Նա այլևս ոչ մի խոսքով չհիշեց Բազենյանին, ասելով, որ ուզում է իսպառ մոռանալ նրան և վերջին հուսահատական ուժերը հավաքած, մի նոր, խելացի, առողջ կյանք սկսել հիվանդ սիրուց հետո։ Նա նորից հիշեց Ամերիկայում իր տեսած լեհական գաղութը և մեծ ոգևորությամբ սկսեց խոսել այդ գաղութի նպատակների մասին։ Նրա տրամադրությունը հետզհետե այն աստիճան բացվեց, որ ընթրիքի ժամանակ մինչև անգամ ուրախ էր։

Շահյանը նույնպես բացվել էր. պանի Զդանևիչի ցույց տված մտերմությունը չափազանց գրավել էր նրան, և նա չէր իմանում ինչպես անի, որ ցույց տա, թե ինքը գնահատում է այդ մտերմությունը և ամենայնիվ պատրաստ է թեթևացնելու նրա վիճակը։ Երբ ընթրիքից հետո պատրաստվեց գնալու, այլևս չկարողացավ դիմանալ և ուղղակի ասաց.

— Պանի Զդանևիչ, եթե, ուր էլ որ լինիք, օգնության կարիք զգաք, կարող եք, առանց այլևայլության, դարձյալ ինձ դիմել։

Պանի Զդանևիչն առավ նրա ձեռքը և ջերմագին սեղմեց։

— Ոչ, ազնիվ, սիրելի բարեկամս,— ասաց նա քնքշորեն.— ես անչափ գոհ եմ ձեր ինձ արդեն արած օգնությունից և հույս ունիմ, որ այլևս կարիք չեմ զգալ ձեզ նեղացնելու: Բայց մի բան կխնդրեի ձեզնից — ա՛յն, որ դուք շատ