Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/341

Այս էջը հաստատված է

էլ դժգոհ չմնաք, եթե ձեզ հասանելիքը շուտ չկարողանամ վերադարձնել։

Շահյանը նայեց նրան հանդիմանությամբ։

— Հավատացնում եմ, պանի Զդանևիչ, ես սաստիկ վիրավորվում եմ, երբ դուք խոսում եք այդ մասին։

— Հապա ինչպե՞ս անեմ։

— Ինչպես ուզում եք արեք, միայն թե այդ մասին ինձ ոչինչ մի ասեք,— ասաց Շահյանը և սկսեց հագնել կրկնակոշիկները։ Հանկարծ նա ծիծաղեց։

—Ինչի՞ վրա եք ծիծաղում,— հարցրեց պանի Զդանևիչը հետաքրքրված։

— Կրկնակոշիկներիս վրա։ Սրանք իրենց մի մազալու պատմությունն ունին, որ հանկարծ հիշեցի։

Եվ Շահյանը համառոտակի պատմեց Բազենյանի հետ ունեցած իր վերջին տեսակցությունը, իր նրան տված հազար ռուբլու միջադեպը, թե ինչպես Բազենյանը կամեցավ այդ գումարը ետ տալ իրեն և երբ ինքը հրաժարվեց ետ ընդունել, նա վերցրեց ծրարը և մոտեցավ վառարանին, որ կրակը նետի, իսկ ինքն այդ միջոցին առավ գլխարկը և դուրս փախավ, կրկնակոշիկները մոռանալով հագնել։ Շահյանն այս բանը պատմում էր այժմ իբրև մի կուրյոզ և անդադար ծիծաղում էր։

— Հետո՞, ե՞տ ստացաք ձեր կրկնակոշիկները,— հարցրեց պանի Զդանևիչը ժպտալով։

— Նույն օրն իսկ ուղարկել էր հյուրանոցի ծառայի ձեռքով:

— Իսկ փողը. կրա՞կն էր նետել, թե... գրպանը։

— Այդ արդեն մի հանելուկ է, որ դուք ինձնից ավելի լավ կարող եք լուծել,— ասաց Շահյանը, շարունակելով ծիծաղել և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց։

—՚ Պարոն Շահյան,— հանկարծ կանչեց պանի Զդանևիչը, դուրս գալով նրա ետևից։

Շահյանը կանգ առավ միջանցքում և արագ շուռ եկավ։

— Վաղը կգա՞ք ինձ ճանապարհ դնելու։

— Իհարկե, անպատճառ,— բացականչեց Շահյանն անսովոր եռանդով և, նորից շուռ գալով, վազեց դեպի սանդուղքները։