Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/343

Այս էջը հաստատված է

նրան, մինչև վերջին շունչը կպաշտեր նրան, ուրախությամբ կմեռներ նրա համար։

Եվ Շահյանի սիրտը նորից համակվեց հուսահատական թախիծով։ Թերևս երբեք նրա կուսական սիրտն այնպես ջերմ կերպով չէր փափագել սիրել ու սիրվել, ինչպես այժմ։ Իր անապատ-կյանքի մեջ հանդիպեց մի հրաշալի Եվա, որին, ըստ երևույթին, սիրեց հենց առաջին անգամից, բայց հուսախաբությունը շուտով էլ մեռցրեց սիրո առաջին սաղմերը։ Այժմ բախտը նրան դեմ հանդիման էր բերել մի պանի Զդանևիչ, որը կանգնած էր իր կանացի գրավչության գագաթնակետին, հսկայի պես գեղեցիկ ու հոյակապ։ Շահյանը մտքումը համեմատություն էր անում Եվայի ու պանի Զդանևիչի միջև և տեսնում էր, որ Եվայի կուսական անմեղ, անարատ գեղեցկությունը կամաց-կամաց աղոտանում, ցնդում է օդի մեջ, իբրև անմարմին մի բան, իբրև հրաշալի մի երազ պանի Զդանևիչի հուժկու և մեղսալից փարթամ գեղեցկության առաջ։ Եվ նա մտածում ու չէր կարողանում որոշել, թե որի՞ն արդյոք առավելություն կտար — Եվայի՞ն, թե՞ պանի Զդանևիչին, եթե միաժամանակ երկուսն էլ ցանկություն հայտնեին իրենը լինելու։ Նա կփափագեր ունենալ երկուսին էլ,— Եվային՝ պաշտելու իբրև սրբություն, պանի Զդանևիչին՝ տիրապետելու իբրև ցանկալի կնոջ։ Սակայն Շահյանը զգում էր, որ պատրաստ է իր իդեալական սերն էլ, իր կիրքն էլ հավասար չափով կենտրոնացնելու միմիայն պանի Զդանևիչի վրա, բայց և, միևնույն ժամանակ, զգում էր, որ ինքը, իբրև սիրահար և իբրև ամուսին, շատ չնչին արարած կլիներ այդ հոյակապ կնոջ առաջ։ Նրան թվում էր, թե պանի Զդանևիչի պես մի կին, եթե իրեն այնպիսի ուշադրության առարկա էր դարձրել, պատճառն այն էր միայն, որ կարիքն էր ստիպել, այլապես երբևիցե մտքովը կանցկացնե՞ր արդյոք, թե աշխարհիս երեսին Շահյան էլ գոյություն ունի։

Եվ Շահյանը նորից եկավ կանգ առավ այն մտքի վրա, որ ինքը ջրի տարած մեկն է, անշնորհք, ողորմելի մի արարած, որը կարծես թե ապրում է նրա համար միայն, որ ամեն դեպքի առիթով շարունակ մտածի իր ոչնչության մասին և ավելի ու ավելի տանջվի այդ գիտակցությունից։