Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/344

Այս էջը հաստատված է

Շահյանը նորից ուժգին մի կատաղություն զգաց ինքն իր դեմ։— Ո՛չ, պետք է կամ ապրել այնպես ինչպես ուրիշները, ինչպես ամենքն են ապրում, կամ պետք է չապրել ամենևին... Այլապես դիմանալ չի կարելի այդ հարատև տանջանքներին, ամեն մի առիթից ծագող այդ տանջալի ինքնաքննության։ Այս աշխարհում ապրելու և հոգեկան այդ սոսկալի տանջանքներից ազատ լինելու համար հարկավոր է Բազենյանի պես համարձակ, հանդուգն, անխիղճ, խաբեբա, նույնիսկ անբարոյական, այո՛, անբարոյական։ Այդ էլ մի շնորհք է, որ բնությունը տվել է գրեթե ամենքին, որով և ամենքն ապրում են անհոգ ու երջանիկ. Շահյանն է միայն, որ զրկված է մնացել այդ շնորհքից և այդ պատճառով այնքան որբ ու օտար էր զգում իրեն կյանքի խնջույքի մեջ։ Ուրեմն էլ ինչո՞ւ է ապրում։ Ի՞նչ բան է կյանքը։ Կյանքը կինն է, ցանկալի կինը։ Խլիր աշխարհից կին ասված արարածը, և ասկետներն անգամ չեն կամենալ ապրել։ Սխալվում են մորալիստները, որոնք անհատական երջանկության հիմքը համարում են ալտրուիզմը։ Այդ շատ միակողմանի վարդապետություն է, որովհետև քաղցածի փորը չի կշտանալ, երբ նա ուրիշի համար հաց բրդի։ Կինը, ցանկալի կինը — ահա միակ բանալին, որ բաց է անում ոչ թե ցնորական, այլ իրական երջանկության դուռը։

Կնոջ գաղափարը Շահյանի համար միշտ մութ ու անորոշ էր եղել, բայց երեկվանից դեսը այդ գաղափարը միանգամից պարզ ու որոշ ձևեր էր ստացել և մարմնացել էր պանի Զդանևիչի մեջ։ Կին և պանի Զդանևիչ այժմ հոմանիշ էին նրա համար, և կին ասված արարածը նա ուրիշ կերպ չէր կարողանում երևակայել, քան պանի Զդանևիչի պես խելագարեցնելու չափ ցանկալի։

Շահյանի հիվանդոտ երևակայությունը նորից գրգռվեց։ Դեպի պանի Զդանևիչը փոքր-ինչ առաջ տածած ասպետական զգացումը նորից տեղի տվեց զուտ ախտական զգացման, և պանի Զդանևիչը նրա գրգռված երևակայության առաջ նորից կանգնած էր արուի մեջ անզուսպ անասնականը շարժող իբրև էգ միայն իր իգական բոլոր անդիմադրելի հրապուրանքով...

Հանկարծ նա վեր թռավ և նստեց անկողնում կայծակնահար