Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/347

Այս էջը հաստատված է

Առավոտյան, երբ աչքերը բաց արեց, կարծեց, թե այդ օրն էլ իր սովորական պարապ օրերից մեկն է, որ կարող է դառնալ մյուս կողքի վրա և նորից քնել մի-երկու ժամ էլ, բայց հանկարծ միտն ընկավ, որ այդ առավոտ պիտի գնա ճանապարհ ձգելու պանի Զդանևիչին, և օձից խայթվածի պես վեր թռավ անկողնից։

Առաջին բանը, որ արավ, այդ այն էր, որ վրա ընկավ նամակին և կարդաց։ Կարդաց և սարսափեց։ Նամակի բառերը գիշերն անկողնի մեջ շատ կրկնելուց անգիր գիտեր, բայց այժմ նույն այդ բառերը թղթի անցկացրած և ցերեկվա լույսի տակ բոլորովին նորություն հանդիսացան նրա համար։ Գիշերը նա միայն ցնորում էր և այդ ցնորքների արտահայտությունն էր, որ անց էր կացրել թղթի. գիշերն անցել էր և իր հետ հօդս էր ցնդեցրել նրա ցնորքները, բայց այդ ցնորքների արտահայտությունը մնացել էր թղթի վրա։ Եվ այդ թուղթը պիտի հանձնե՜ր պանի Զդանևիչին, և պանի Զդանևիչը պիտի կարդա՜ր այդ թուղթը... Ի՞նչ անենք, թե ինքը ներկա չի լինիլ կարդալիս, բայց խո գիտե, երևակայում է, թե ինչպիսի ապշությամբ պիտի կարդա պանի Զդանևիչն իր հանդուգն առաջարկությունը, և եթե նրա պատասխանը մերժողական լինի կամ թե ճիշտ որ առաջին իսկ կայարանից վերադառնա և ուղղակի գա իր տուն... Շահյանը չէր իմանում, թե որն ավելի սարսափելի կլիներ իր համար։ Պանի Զդանևիչից մերժողական պատասխան ստանա՞լը, թե՞ նրան իր տան մեջ ընդունելը։ Առաջին դեպքում մահացու հարված պիտի ստանար իր անձնասիրությունը, իսկ երկրորդ դեպքում... Սակայն այստեղ Շահյանը հրաժարվում էր երևակայել անգամ, թե ինչ կպատահեր իրեն, երբ պանի Զդանևիչն ուղղակի երկաթուղու կայարանից գար իր տուն և ասեր. «Ահա, ես վերադարձա և համաձայն եմ ձեր կինը լինելու»։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, անպատճառ խելագարված եմ եղել գիշերը, որ այսպիսի նամակ եմ գրել»,— ասաց ինքն իրեն Շահյանը և նամակը շտապով շպրտեց վառարանի մեջ ճրթճրթացող կրակը։