Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/349

Այս էջը հաստատված է

Շահյանը թեթև կերպով ցնցվեց: Մինչև այդ րոպե կարծես քնած էր և այդ րոպեին միայն սթափվեց։

— Ի՞նձ... ոչինչ,— արտասանեց նա, մեքենայաբար վեր կենալով տեղից և զարմանալով, թե ի՞նչ էր նկատել իր մեջ պանի Զդանևիչը։

— Հապա ինչո՞ւ այդպես գունատ եք։

— Գունա՞տ... մի՞թե։

— Նայեցե՛ք հայելուն... Դուք անպատճառ հիվանդ եք։

Շահյանը շփոթված, հեռվից մեքենայաբար նայեց պատի վրա կախված հայելուն և չտեսավ իր դեմքը։

— Այս երևի նրանից է, որ գիշերը սովորականից ուշ քնեցի և այս առավոտ վաղ վեր կացա, որ հասնեմ ձեզ,— ասաց նա և աշխատեց ժպտալ։

Պանի Զդանևիչը լուրջ դեմքով և թերահավատությամբ շարժեց գլուխը, իր փորձող աչքերը չհեռացնելով Շահյանի ակնոցից։

— Մեղքն ուզում եք ինձ վրա ձգել, բայց ափսոս, որ չեմ կարողանում համոզվել, թե մեղավորն իսկապես ես եմ։ Համենայն դեպս, թույլ տվեք ձեզ նկատեմ, պարոն Շահյան, դուք շատ զարմանալի երիտասարդ եք երևում. այնքան սառն եք և անտարբեր, որ կարծես թե աշխարհս գոյություն չունի ձեզ համար։

Շահյանը շատ օտարոտի կերպով ծիծաղեց։ Նրա ծիծաղի մեջ լսվում էին վիրավորված անձնասիրության շեշտեր։

— Երանի չէ՞ր լինի, որ այդպես լիներ,— ասաց նա կամաց և հետո ավելացրեց իրեն ոչ հատուկ զայրացկոտությամբ.— Աշխարհս ոչ թե միայն գոյություն ունի ինձ համար, այլև նրա գոյությունն այնքան ճնշում է ինձ, որ կյանքիս գնով կցանկանայի նրանից ազատվել։

Պանի Զդանևիչը ապուշ կտրվեց։

— Այդ դո՞ւք եք ասում, պարոն Շահյան...

— Այո՛, ես եմ ասում։

— Այդպես երիտասարդ հասակո՞ւմ...

— Այդպես երիտասարդ հասակում։

— Եվ առա՞նց կատակի։

— Առանց կատակի։