Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/353

Այս էջը հաստատված է

անկախ այն բանից, թե ինչ մեկնություն եք տալիս դուք նրանց։ Մտածելով ավելի ևս կենթարկեք ձեզ նրանց ճնշմանը, ավելի ևս կտանջվեք անորոշության մեջ և մի ծայր, որին վերջ ի վերջո կհասնեք, այդ այն կլինի, որ կվճռեք անձնասպանություն գործել։ Բայց ինչո՞ւ համար, հարցնում եմ ձեզ, ի՞նչ նպատակով։ Դուք կյանքի նպատակն եք փնտրում, բայց ինճո՞ւ մահվան նպատակի մասին ևս ոչինչ չեք մտածում։

Պանի Զդանևիչը լռեց և նայում էր Շահյանի դեմքին առաջվա նման հանդարտ, փոքր-ինչ ծաղրաբար ժպտող աչքերով, բայց համակրանքով։

Շահյանը սուս էր կացել։ Նա զգում էր, թե այժմ նույն դրության մեջ է, ինչ որ Աշխենի և Եվայի հետ միևնույն նյութի մասին ունեցած խոսակցության ժամանակ։ Սակայն այդ երկու հարանման դրության միջև էական մի տարբերություն կար։ Աշխենի և Եվայի հետ ունեցած խոսակցության ժամանակ նա պարզապես զգում էր, որ ինքն ակամա երևան է հանել իր մտավոր ու բարոյական կատարյալ դատարկությունը և ծաղրի ու հիասթափության առարկա է դարձել — մի բան, որ մահ էր իր համար։ Մինչդեռ այժմ այդպիսի բան ամենևին չէր զգում։ Ճիշտ է, տեսնում էր, որ պանի Զդանևիչն էլ ծաղրում, նույնպես երեխա էլ է անվանում իրեն, բայց այդ ծաղրը սիրելի և հաճելի էր նրա համար և դրանով իրեն ավելի մոտեցած էր զգում պանի Զդանևիչին։ Նա զգում էր, որ ինքն ամենևին հոռետես չէ, և զայրանում էր, թե ինչո՞ւ կեղծում էր, ինչո՞ւ համարձակություն չուներ սիրտը բանալու պանի Զդանևիչի առաջ, որն իր մտերմական-հովանավորող վարմունքով այնքան վստահություն էր ներշնչում նրան։ Եվ առաջին անգամ խիստ ափսոսաց, որ շտապեց նամակն այրել։

Այժմ նա կանգնած էր պանի Զդանևիչի առաջ պարզապես հուսահատված այն բանից, որ ինքը, չնայելով իր ներքին ուժեղ դրդման, վախկոտությամբ ետ էր նահանջում ճշմարտությունն ասելուց։ Իսկ այդ ճշմարտությունն այն է, որ նա ցանկանում էր ապրել, ցանկանում էր ընկնել այդ սիրելի, այդ պաշտելի կնոջ առաջ, գրկել նրա ոտները և աղաղակել. «Ավելորդ են խրատներդ. քեզնից ավելի լավ եմ հասկանում, թե որքան սիրելի բան է կյանքը։ Բայց կյանքը, իմ