Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/358

Այս էջը հաստատված է

Նրա ուղեղի մեջ ամուր կերպով, ինչպես ոստը փայտի մեջ, ցրված էր մի գիտակցություն միայն — եղբայրն այլևս չկար, նա այլևս չէր վերադառնալու, նրան այլևս չէր տեսնելու երբեք, երբեք... Մնացածը ինչ որ մտածում ու զգում էր,— խառնում էր իրար, կուտակվում ու ցրվում, առանց որևէ հետք թողնելու։ Երկար ժամեր մոր մահճակալի մոտ նստած չէր հասկանում, թե ինչ դեր է կատարում ինքը, ինչու մայրը շարունակ պառկած է անշարժ, ինչու հայրն այնպես խոնարհվել է ծնկների վրա. ինչու ամբողջ տան մեջ տիրում է այդ զարհուրելի լռությունը։ Երբեմն, երբ դուրս էր գալիս այդ կաշկանդված դրությունից, նայում էր շուրջը և մտքումը դարձյալ կրկնում էր. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»։ Նրան թվում էր, թե խելագարվում է։ Բայց այդ միտքն ամենևին չէր սարսափեցնում նրան։ Եղբոր մահից հետո մահն անգամ սարսափ չէր նրա համար, ա՛յն մահը, որից այնքա՜ն վախենում էր առաջ։ Եղբայրը չկա այլևս — վերջացավ. այլևս երբեք չպիտի տեսնի նրան, երբե՛ք։ Իսկ նրանից հետո թեկուզ ամբողջ աշխարհը կործանվի և ինքն էլ հետը միասին։ Աշխենը,— ահա՛ թե ում համար պետք է ցավել... Սակայն Աշխենի համար միևնույնը չէ՞ — Արմենակն ապրո՞ւմ է, թե ոչ. չէ՞ որ նրանք երկուսն էլ վաղուց արդեն թաղել են իրենց իրար համար... Մի՞թե։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ» — շշնջաց Եվան մտքում և խոնարհվեց ծնկների վրա։

Նրա առաջ պատկերացավ հորեղբոր աղջիկն այն դրության մեջ, երբ նա, իր վզին փարած, ծանր հեկեկանքով իր դժբախտ սիրո պատմությունն էր անում։ Եվան այն ժամանակ վերին աստիճանի հիասթափված էր, ուստի սառն և անկարեկից։ Բայց այժմ միանգամից զգաց Աշխենի բոլոր տանջանքն ու հուսահատությունը։ Եվ հոգով-մտքով թռավ այնտեղ, ուր հեռացել էր Աշխենը մեղմելու համար իր տանջանքներն անձնուրաց գործունեության մեջ։ Ա՜խ, ինչպե՛ս կցանկանար, որ այդ րոպեին իսկապես այնտեղ լիներ, ի՛նչպիսի կարոտով ու տանջանքով կրծքին կսեղմեր իր սիրելի Աշխենին, որպեսզի մխիթարեր նրան, որպեսզի մխիթարվեր ինքը... Իայց արդյոք գիտե՞ Աշխենը, որ իր