Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/362

Այս էջը հաստատված է

լռեց: Մի ուրիշ անգամ օր. Սահակյանի մոտ արեց նույն փորձը և նույն անհաջողությանը հանդիպեց. օր. Սահակյանը պարզապես ծաղրեց նրան։ Եղբայրս որ մեռավ,— ասաց նա,— կարծում էի, թե ես Էլ հետը կմեռնեմ վշտից, կամ եթե չմեռնեմ էլ, անպատճառ կգժվեմ, բայց ինչպես տեսնում ես, ոչ մեռա, ոչ էլ գժվեցի, և տե՛ս, դեռ ինչքան էլ չաղացել եմ նրա մահից հետո:

12

Մի օր աղախինը Եվային հանձնեց մի նամակ, որ փոստից հենց նոր էր ստացվել: Եվան իսկույն ճանաչեց Աշխենի գիրը: Սաստիկ ճնշող մի զգացումով բաց արեց նամակը և կարդաց.

«Եվա ջա՛ն։

Ուռա՜... տոներին քեզ մոտ եմ։ Գժվում եմ, որ մտածում եմ, թե ինչպիսի երջանիկ ժամանակ պիտի անցկացնեմ քեզ մոտ ամբողջ երկո՜ւ շաբաթ։ Կարծես տասն տարի է, որ չեմ տեսել քեզ։ Ինչքան խնդրեցի, որ լուսանկարդ ուղարկես — չուղարկեցիր, ծուլացար։ Շատ բարի, երևի առիթ կունենամ փոխարենը հատուցանելու։ Սենյակս արդյոք պահպանե՞լ ես նույնությամբ։ Մի վայրկյան անգամ չպիտի թողնեմ, որ հեռանաս ինձնից։ Գիշերներն էլ պետք է միասին քնենք, իրար գրկած։ Այլապես թվում է, թե չեմ կարող բոլոր կարոտս հանել երկու շաբաթվա ընթացքում։ Հայրիկն ինչպե՞ս է, մայրիկը, Սուրենը, վերջապես՝ դո՞ւ ինչպես ես, դու, իմ ծլվլան ծիծեռնակ։ Ա՛խ, ի՜նչ սիրուն համեմատություն. գրչիցս թռավ ինքնաբերաբար։ Հիրավի, որ հիշում եմ անհանգիստ սիրելի շատախոսությունդ, իսկույն աչքիս առաջ պատկերանում է ծիծեռնակը գարնանային հրաշալի առավոտյան ծլվլալիս։ Բայց դու էլ, ամենքդ էլ անաստված մարդիկ եք. ինչո՞ւ վերջին ժամանակս շուտ-շուտ նամակ չեք գրում։ Գրածներդ էլ ի՞նչ է։ Նո՞ր եք սովորել այդպես չոր-չոր բաներ գրելը։ Ավելի լավ է ոչինչ չգրեք կամ ուղղակի գրեցեք, էլի, ռամիկ մարդկանց պես. «Նախ և առաջ կհարցնեմ ձեր առողջությունը. եթե մեզնից հարցնեք, փառք աստծո, մենք էլ ողջ և առողջ ենք և