Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/364

Այս էջը հաստատված է

ներկա եղավ դասերիս և շատ գոհ մնաց. այնքան գովեց, այնքան գովեց, որ... պատրաստ եմ տասն անգամ, հարյուր անգամ համբուրելու քեզ։ Ինքս ինձ վրա զարմացած եմ մնացել. ե՞ս, այսքան փոխվա՞ծ... Առաջ, որ կատարելապես անտարբեր էի, թեկուզ արժանիքներիս համար մի ամբողջ թագավորություն էլ տային ինձ,— այժմ ամենաչնչին գովասանքից անգամ ուրախանում եմ երեխայի պես։ Ինչո՞վ կբացատրես այս հանելուկն, իմ սիրուն փիլիսոփա։

Գիտե՞ս, երբ եմ գրում այս տողերը,— գիշերվա ժամը տասին։ Այդ արդեն շատ ուշ է այստեղ։ Դուրսն երեք վերշոկ ձյուն է նստած, շները խուլ ոռնում են։ Առաջս, սեղանիս գլխին, պատի վրա, մեխից կախված ճկճկում է ծոցիս ժամացույցը, բուխարումը փայտեր են ճրթճրթում,— միակ ձայները, որ լսում եմ գիշերային այս լռության մեջ։ Այս երեկո (շաբաթ) Մինասյանի քույրը սենյակումս երկու մոմ վառեց և խունկ ծխեց։ Մոմերը վաղուց են հանգել, իսկ խունկի ծուխն ու հոտը դեռևս չեն անցել։ Սիրում եմ մեղրամոմի դժգույն լույսն, խունկի հոտը, թեև դրանք մեռելի և մահվան գաղափար են հիշեցնում ինձ միշտ։ Ականջումդ մի բան ասեմ, որ ոչ ոքի չասես,— առաջ ես սկեպտիկ աթեիստ էի: Դու այդ չգիտեիր։ Իսկ այժմ... դարձյալ զարմանալի փոփոխություն.— մինչդեռ շուրջս այս տգետ ու գռեհիկ ամբոխի մարդկանց բերանից հայհոյանքներ եմ լսում նույնիսկ աստծո հասցեին, ես լի հավատով ու ակնկալությամբ պաշտում եմ այն խաչը, որի վրա չարչարեցին, մահացրին նրան։ Երբեմն, կեսգիշերին, մենակությանս մեջ, այս խուլ անկյունում, ուր կյանքը ներկայանում է իր ամենամռայլ գույներով, հոգիս լցվում է անտանելի թախծությամբ և այդ թախիծը կարողանում եմ փարատել միայն լուռ արտասվելով և աղոթելով։ Ո՞ւմ համար եմ աղոթում, ո՞ւմ համար կարող եմ աղոթել,— այդ դու գիտես... աղոթքի բոլոր զորությունը, բոլոր քաղցրությունը զգացի այն ժամանակ միայն, երբ գործնական կյանքի մեջ համոզվեցի, թե հիրավի, ի՜նչ սքանչելի բան է անձնուրացությունն ուրիշի բարօրության օգտին։ Մարդիկ անմիտ են, Եվա ջան. նրանք ուզում են երջանիկ լինել, բայց չգիտեն, թե ո՛րն է երջանկության ուղիղ ճանապարհը: Երջանկությունը նրանք որոնում են անձնական