Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/365

Այս էջը հաստատված է

բարօրության, եսասիրության մեջ, մինչդեռ այդտեղից է, որ բխում է բոլոր թշվառությունների աղբյուրը։ Մարմինը, մարմինը և միմիայն մարմինը,— ահա՛ մեր դարի կուլտը։ Մինչդեռ ի՞նչ է դա, այդ մարմինը,— մի բուռ հող, որ այսօր-էգուց պիտի միախառնվի մայր հողի հետ։ Այնինչ հոգին, այդ միակ բանը մարդու մեջ, որ անմահ է և որը միայն ուժ ունի անմահացնելու մարդու անունը,— ինչո՞ւ մոռանանք այդ հոգին։ Քանի՞ գրոշ արժե մարմնական թեկուզ ամենամեծ վայելքը հոգեկան այն սքանչացման դեմ, որ զգում ես դու, երբ տեսնում ես, որ ուրիշի օգտին լավ բան ես գործել, թեկուզ այդ ուրիշը լինի մի անասուն, այո՛,—պարզապես մի անասուն։ Փորձիր դուրսը, փողոցի մեջ ցրտից կոնկոռնացող, քաղցած մի շուն ներս կանչել սենյակդ, տաքացնել, կերակրել և կտեսնես, թե որքան թեթևանում է հոգիդ, որքան նրբանում են զգացումներդ, որքան ուզում ես սիրել և բարիք գործել...

Ցտեսություն, իմ աննման Եվա, ցտեսություն։ Շուտով կտեսնեմ քեզ գրկիս մեջ, կարոտակեզ սրտիս սեղմած: Ա՛խ թևե՜ր, թևե՜ր... Բարևիր հայրիկին, մայրիկին, Սուրենին պաչիր իմ կողմից։ Իսկ ես պաչպչում եմ սիրուն աչիկներդ։

Քո Աշխեն»։

«Հ.Գ.— Հենց որ դուրս գամ, առաջին իսկ կայարանից կհեռագրեմ: Արմենակից ի՞նչ տեղեկություն։ Ինչու ոչինչ չես գրում»։

13

Մարությանը հենց նոր վերադարձել էր ճաշի, երբ աղջկա սենյակից լսեց զսպված հեկեկանքի ձայներ։ Նա ջղային զայրույթով դեն շպրտեց գլխարկը և անցավ աղջկա սենյակը։

— Է՞լ ինչ է պատահել,— հարցրեց սաստող, բայց վախեցած ձայնով։

Եվան, նամակը ձեռքին, վեր թռավ տեղից։

— Չե՛մ կարող, հայրի՛կ, չեմ կարող,— աղաղակեց հուսահատորեն։— Սպանի՛ր ինձ կամ տո՛ւր ինձ իմ եղբայրը... Ի՞նչ պատասխանեմ ես սրան, ի՞նչ ասեմ...