Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/367

Այս էջը հաստատված է

— Օ՜, կմեռնի՜, հայրիկ, կմեռնի՜,— աղաղակեց Եվան, և հեկեկանքը նորից խեղդեց նրան։

— Ասում եմ՝ գժվել ես և ճիշտ որ գժվել ես,— սաստիկ զայրացած բացականչեց հայրը, դուրս գնաց և դուռը պինդ շրխկացրեց իր ետևից։ Սակայն նորից ներս մտավ իսկույն և արագ քայլերով մոտեցավ աղջկան։

— Ի սեր աստծո, Եվա, պահպանիր քեզ,— ասաց լուրջ աղերսանքով։— Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում։ Վիշտն առանց այն էլ սպանել է ինձ և, եթե դու էլ հիվանդանաս, էլ չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ...

Եվան պինդ փաթաթվեց հոր վզովը։

— Հայրիկ ջան, սովորեցրու, ասա, ինչո՞վ կարող եմ այս սարսափելի վիշտը դուրս կորզել սրտիցս, ինչո՞վ կարող եմ հանգստանալ։

— Զսպիր քեզ, որդիս, միշտ զսպիր և մտածիր, որ հայր ունիս, մայր ունիս, եղբայր ունիս, վերջապես հորեղբոր աղջիկ ունիս, որոնք բոլորն էլ քեզնով են ապրում։ Մտածիր և այն մասին, որ եղբայրդ անօգուտ չմեռավ։ Թող նրա հիշատակը ոգևորի քեզ, և ոչ թե հուսահատեցնի։ Բոլոր քույրերը պետք է երանի տան քեզ, որ այնպիսի մի պատվական եղբայր ես ունեցել։ Մինչդեռ հարյուրավոր երիտասարդներ մեր ժամանակում, անձնատուր եղած անձնական վայելքների, շատ անգամ մեռնում են անառակ, ցոփ կյանքի մեջ խայտառակ մահով, քո եղբայրը բոլոր անձնականը մոռացած, գործեց և մեռավ իբրև հերոս իր հայրենակիցների համար։

Մարությանն երկար ժամանակ այսպես մխիթարում էր աղջկան։ Եվան այժմ նստած էր հոր առաջ բավական հանգստացած, բայց և այնպես արտասուքի կաթիլները դեռևս գլորվում էին նրա աչքերից։

Նույն օրն երեկոյան, երբ Եվան նստած էր իր սենյակում և զբաղված էր ընթերցանությամբ, դուռը բացվեց և ներս մտավ օր. Սահակյանը։

— Եվա ջան, եկել եմ քեզ ուրախացնելու. այսօր նամակ ստացա Աշխենից, տոներին գալիս է։

— Լա՜վ ուրախություն է,— հանգիստ դառնությամբ նկատեց Եվան, առանց գլուխը բարձրացնելու գրքի վրայից։