Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/368

Այս էջը հաստատված է

Օր. Սահակյանը սկզբում զարմացավ. հետո խիստ կոտրվեց։

— Իրավ, այժմ նա ատելի պիտի լինի քեզ համար. նա որ չլիներ, եղբայրդ այստեղ էր և կենդանի...

— Ո՛ւֆ,— բացականչեց Եվան հանկարծական զայրացկոտությամբ և աոջևը դրած գիրքը շպրտեց հատակի վրա այնպիսի կատաղի ուժով, որ ահագին թրխկոց բարձրացավ։— Ինչե՜ր ես ասում, չեմ հասկանում...

Նրա աչքերը լցվեցին անզուսպ բարկության արտասուքներով։

— Դեռ լավ իմացիր, թե ինչ եմ ասում, հետո հանդիմանիր, եթե արժանի եմ,— ավելացրեց նա, դեմքը վիրավորական կերպով շարժելով օր. Սահակյանից։

Օր. Սահակյանը տեղն ու տեղը սառած մնաց։

— Լավ, էլ ինչու ես բարկանում այդպես,— նկատեց մեղմորեն։

— Որովհետև վիրավորում ես։

— Ի՞նչ ասացի, որ վիրավորվեցիր։

— Ա՛յն ասացիր, որ... Լավ հասկացիր. ես այնքան հիմար չեմ, որ եղբորս հեռանալու պատճառը համարեմ Աշխենին։ Դրանով ես վիրավորած կլինեի եղբորս զգացումները, ստորացրած կլինեի նրա համոզումները։ Եղբայրս այն երիտասարդներից չէր, որոնք իրենց վեհ գործի են նվիրում և զոհ գնում այն ժամանակ միայն, երբ տեսնում են, որ իրենց անձնական կյանքի մեջ դժբախտ են։ Այդպիսի ճարահատված անձնազոհություններն ինձ համար ոչ մի նշանակություն չունին։ Անձնազոհությունը պետք է լինի ինքնաբերաբար, առանց որևէ կողմնակի դչդիչ պատճառի։ Ինչպե՞ս կարող եմ ես գնահատել մի զոհված կյանք, երբ այդ կյանքն իր տիրոջ համար արդեն ոչ մի արժեք չի ունեցել. Աշխենը լիներ, չլիներ — եղբայրս դարձյալ կգնար այնտեղ, ուր գնաց և զոհվեց: Ես այդպես եմ համոզված։ Եթե այդպես համոզված էլ չլինիմ, դու ինքդ պե՛տք է աշխատես ինձ այդպես համոզել, եթե գեթ փոքր-ինչ հարգում ես եղբորս հիշատակը և չես ուզում, որ սիրտս կտրեմ նրանից։ Մինչդեռ դու հակառակն ես անում։ Մի անգամ ինքն