Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/37

Այս էջը հաստատված է

այդ եղբայրը շատ ողորմելի մարդ էր, այնքան ողորմելի, որ եղբոր հետ չէր կարողանում համարձակ խոսել։ Ընդսմին նա ծույլ էր և անուղղելի արբեցող։ Հոր մահից հետո Գևորգը բանն այնպես էր սարքել, որ հայրական բավական մեծ կարողությունից արբեցող եղբորն ընկել էր մի խրճիթ և մի համեստ գումար։ Բայց դրանով էլ գոհ էր մնացել ողորմելի եղբայրը և, ունեցած-չունեցածը խմելուց հետո, իր կնոջ հետ մեռել էր վերջին ծայր աղքատության մեջ։

Հոր պատմությունը միանգամից հիասթափեցրեց Շահյանին Մարությանի վերաբերմամբ, և այդ բանը վերին աստիճանի անախորժ էր նրա համար. նա չէր ուզում, որ Մարությանն այդպես վարված լիներ իր եղբոր հետ, և այդ զգացումը նրան թելադրողը ոչ թե այն էր, որ նա ցավակցում էր Մարությանի եղբորը, կամ այն, որ մարդկանց անխիղճ արարքներն առհասարակ խորապես ազդում էին նրան,— ո՛չ, այլ Մարությանն այն աստիճան լավ տպավորություն էր թողել նրա վրա, և նա այն աստիճան նպաստավոր կարծիք էր կազմել այն մարդու մասին, որ հոր ասածները խիստ հակասական կերպով էին ազդում նրան: Պարզն այն էր, որ նա չէր ուզում մի որևէ արատ տեսնել այն ընտանիքի մեջ, ուր կար Եվայի պես մի աղջիկ...

— Հիմա խո եղբոր աղջկան ինքն է պահում և եղբոր կենդանության ժամանակ էլ խո ինքն էր այդ աղջկան ուսման տվել,— ասաց Թամարը։— Շուտով էլ կպսակի, լավ փող ու բաժինք կտա և քաված կլինի հին մեղքերը։ Ասում են, որ եղբոր մահից հետո շատ է զղջացել։ Եղբորն էլ, կնոջն էլ խո ինքը թաղեց։

— Գնա մեռիր, ասում է, արի սիրեմ,— նկատեց աղա Կարապետը։

Մոր խոսքերի վրա Շահյանը հիշեց Աշխենին, հիշեց նրա դեմքի կանոնավոր, երկայն սառած պրոֆիլը միայն, այն դրությամբ, երբ այդ աղջիկը նայում էր վագոնի լուսամուտից դեպի դուրս, և նրան թվաց, թե Աշխենն այդ միջոցին մտածում էր իր որբության և այն մասին, թե որքան ծանր է աղջկա համար ուրիշի խնամքի տակ ապրելիս: Անցյալ գիշեր վագոնի մեջ Շահյանն ուշադրություն չէր