Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/372

Այս էջը հաստատված է

շոգեմեքենան դանդաղեցրեց ընթացքը և համրընթաց առաջ սողաց դեպի պլատֆորմի մյուս ծայրը։ Վագոնները մեկը մյուսի ետևից միակերպ խուլ գռգռոցով անցնում էին օր. Սահակյանի առջևով։ Օր. Սահակյանը նայում էր ամեն մի լուսամուտի։ Բոլոր լուսամուտները փակ էին։ Բայց ահա լուսամուտներից մեկի ապակին ցած ընկավ հանկարծ, և երևաց Աշխենի գլուխը։

— Վարո ջա՛ն, ողջո՜ւյն, ողջո՜ւյն,— աղաղակեց Աշխենը ձեռքը շարժելով դեպի նա։

Օր. Սահակյանն առաջ վազեց։ Գնացքը դեռևս կանգ չէր առել, որ նա թռավ վագոնի սանդուղքի աստիճանը, շտապով բարձրացավ վերև և ներս մտավ։

Աշխենը կախվեց նրա վզից և սկսեց համբուրել նրան երկարատև և ամուր։

— Վերջապես դարձյալ տեսա քեզ... ինչքա՛ն կարոտել էի, տեր աստված, ինչքա՛ն կարոտել,— ասում էր նա։— Երևակայիր. գալիս էի ու մտածում, հանկարծ որ գնացքը շուռ գա ու տակովն անի, ի՞նչ կլինի... Ես խո չե՞մ տեսնիլ իմ Վարոյին, իմ...


Հանկարծ Աշխենը թողեց ընկերուհուն և նայեց չորս կողմը։

— Եվան ո՞ւր է,— հարցրեց նա։— Երևի նա, հայրիկը, մայրիկը դուրսն են։ Հա՞։

Աշխենը վրա ընկավ լուսամուտին և տենդային անհամբեր հայացքով սկսեց որոնել յուրայիններին պլատֆորմի վրա խռնվող հասարակության մեջ։

— Ո՞ւր են... չկան... չեն երևում... Երևի դահլիճումն են։ Հա՞,— դարձավ նա օր. Սահակյանին զարմացած։

— Նրանք չեն եկել։

— Չեն եկե՞լ... ինչո՞ւ։

— Որովհետև... Եվան մի քիչ տկար է... Ես ինքս խորհուրդ չտվի, որ այս սառնամանիքին դուրս գա տնից, թե չէ ինքը շատ էր ուզում գալ... Հայրն ու մայրն էլ չկամեցան նրան մենակ թողնել... Դե՛հ, որոնք են քո իրեղենները, վերցնենք գնանք։

Աշխենը բռնեց օր. Սահակյանի ձեռքից և շատ լուրջ հայացքով նայեց նրա շփոթված աչքերին: