Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/373

Այս էջը հաստատված է

— Սպասիր, ի՞նչ տեսակ ես խոսում,— ասաց նա թերահավատությամբ և սաստիկ վախեցած։— Ինչպե՞ս թե տկար... Պառկա՞ծ է։

— Չէ: Հարբուխ ունի և հազում է։

— Ճի՞շտ ես ասում,— շատ լուրջ կերպով հարցրեց Աշխենը, իր փորձող հայացքը չհեռացնելով ընկերուհու աչքերից:

— Զարմանալի է, ի՞նչ ունիմ խաբելու,— բացականչեց օր. Սահակյանն ինքն իր դեմ զայրացած, որ այդքան շփոթվում է սուտ խոսելուց և Աշխենի սուր հայացքից։

Աշխենը նույն փորձող սառն հայացքով մի րոպե դարձյալ նայեց նրա աչքերին, հետո շուռ եկավ և սկսեց հավաքել իրեղենները։

— Զարմանալի է, շատ զարմանալի,— ասում էր նա կարծես ինքն իրեն։

— Սպասիր, այդքանը չես կարող տանել, մի բան ինձ տուր։

Աշխենն իր բարձը տվեց ընկերուհուն, մնացածն ինքն առավ և առաջ ընկավ։

Օր. Սահակյանն հետևեց նրան։ Նա ամենևին չէր զարմանում Աշխենի հանկարծ տիրած սառնության վրա. մինչև իսկ, կարծես, ուրախ էր, որ Աշխենն արդեն նախազգում էր, որ իրենց տանն ինչ-որ դժբախտություն է պատահել։

Աշխենը վազում էր. կարծես մոռացել էր, որ օր. Սահակյանն իր հետ էր։ Կայարանի հրապարակում շտապով բարձրացավ մի կառք։ Օր. Սահակյանը նստեց նրա կողքին։ Կառքն առաջ շարժվեց։

— Ուրի՞շ, ի՞նչ կա, ի՞նչ չկա ձեր գյուղում։ Մինասյանն ինչպե՞ս է,— հարցրեց օր. Սահակյանը բռնի աշխուժով և ուզում էր նույն եղանակով էլ շարունակել, բայց լռեց, տեսնելով Աշխենի զարմանալի լուրջ, սառն հայացքը, որ նա հառել էր իր աչքերին։

— Ես զարմանում եմ քեզ վրա, Վարո,— ասաց Աշխենը։— Մ՞իթե հիրավի դու ինձ երեխայի տեղ ես դնում և կարծում ես, թե կարելի է ինձ խաբել։ Ասա՛ ճշմարիտը, ասա՛ միանգամից,— ի՞նչ է պատահել մեր տանը։